Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Տյումենում երկրորդ համերգն է տվել՝ նախորդ ելույթի շուրջ առաջացած քննադատությունից հետո։ Այս անգամ արտիստի ելույթը դրական արձագանքների է արժանացել հանդիսատեսի կողմից։
Նոյեմբերի 9-ին կայացած առաջին համերգի ընթացքում երգիչը դժվարությամբ էր տեղաշարժվում բեմում, երբեմն բաց էր թողնում երգերի տողերը, իսկ ելույթի մի հատվածում ստիպված էր նստել աթոռին։ Որոշ հանդիսատեսներ դժգոհություն էին հայտնել՝ նշելով, որ համերգը չի արդարացրել իրենց սպասելիքները։
Ավելի ուշ Կիրկորովը սոցիալական ցանցերում ներողություն էր խնդրել հանդիսատեսից՝ բացատրելով, որ բեմ է բարձրացել բարձր ջերմությամբ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կատարում մեծ դժվարությամբ է տրվել իրեն, սակայն չէր ցանկացել չեղարկել համերգը։
Նոյեմբերի 10-ին կայացած երկրորդ համերգն արդեն անցել է առանց նման միջադեպերի։ Հանդիսատեսի արձագանքների համաձայն՝ երգիչը լավ մարզավիճակում էր, ակտիվորեն շփվում էր ներկաների հետ, պարում և կատարում իր հայտնի ստեղծագործությունները։
Ելույթից հետո Կիրկորովը շնորհակալություն է հայտնել Տյումենի հանդիսատեսին՝ նշելով, որ այդ երեկոն երկար կմնա իր հիշողության մեջ։
Այս մասին հայտնում է ռուսական «Ֆոնտանկա» լրատվամիջոցը։