Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի հուշագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու և ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը չի կատարել իր խոստումները, իսկ Իրանի ներկայացրած պահանջները լիովին հիմնավորված են։

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կատարել Իսլամաբադի հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, որը, ըստ Բաղայիի, առցանց ստորագրվել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Նա նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունը նույնիսկ երկու շաբաթ չի պահպանվել։

Բաղային ընդգծել է, որ Իրանի պահանջները ոչ անտրամաբանական են, ոչ էլ չափազանցված։ Դրանք ներառում են ԱՄՆ ռազմածովային շրջափակման դադարեցումը, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը՝ նախքան բանակցությունների մեկնարկը, ինչպես նաև հակամարտության դադարեցումը բոլոր ճակատներում։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, թե Թեհրանի պահանջներն անընդունելի են, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ ժամանակը ցույց կտա՝ արդյոք Վաշինգտոնը պատասխանել է դրանց։ Նա նաև նշել է, որ Իրանը չի կարող պատասխանատվություն կրել ԱՄՆ-ի՝ սեփական պարտավորությունները չկատարելու համար։

Բաղային անդրադարձել է նաև ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքներին՝ հայտարարելով, որ ամերիկացի ժողովուրդն իր ուղերձն արդեն փոխանցել է իշխանություններին։ Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը դարձել է ամերիկյան հասարակության դժգոհության և քաղաքական փոփոխությունների կարևոր պատճառներից մեկը։

Իրանի ԱԳՆ խոսնակը քննադատել է նաև Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և հարավային Լիբանանում։ Նա նշել է, որ չնայած Շարմ էլ Շեյխի համաձայնագրի ստորագրմանը՝ Գազայում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, իսկ Իսրայելը խոչընդոտում է մարդասիրական օգնության և բժշկական պարագաների մուտքը։ Բաղային միջազգային կառույցներին մեղադրել է նաև հարավային Լիբանանում Իսրայելի հարձակումներին արդյունավետ արձագանք չտալու մեջ։

Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ նա հայտարարել է, որ այնտեղ ստեղծված անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են։ Բաղայիի խոսքով՝ նեղուցը բաց է եղել մինչև փետրվարի 28-ը, իսկ Իրանի գործողություններն ուղղված են ազգային պաշտպանության ապահովմանը։ Նա հավելել է, որ քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է միջամտողական քաղաքականությունը, այդ ջրային ուղում անվտանգություն չի հաստատվի։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությանը՝ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի դադարեցրել իր պարտավորությունների կատարումը։ Միաժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները դժվարություններ են ստեղծել երաշխիքների համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար։ Նա նշել է, որ մի քանի օր առաջ ստուգում է իրականացվել Բուշերի ատոմակայանում, իսկ Իրանի ներկայացուցչությունը Վիեննայում շարունակում է մասնագիտական կապ պահպանել գործակալության հետ։

Բաղային անդրադարձել է նաև Իրանի հարաբերություններին հարևան երկրների հետ՝ ընդգծելով, որ ԱՄՆ ճնշումները չեն կարող խաթարել Թեհրանի և Բաղդադի կապերը։ Նա դրական է գնահատել նաև Պակիստանի միջնորդական ջանքերը՝ նշելով, որ Իրանի և Պակիստանի հարաբերությունները խորն են ու բարեկամական, և Թեհրանը մտադիր է օգտագործել ստեղծված հնարավորությունը երկկողմ կապերն ամրապնդելու համար։

Իրանի ԱԳՆ խոսնակը կրկին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը, սակայն չի հրաժարվի իր իրավունքներից և պահանջներից, այդ թվում՝ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման պահանջից։

Անի Վարդանյան

Leave a Comment