ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնն առաջարկել է UFC-ի նախագահ Դանա Ուայթին, սակայն վերջինս մերժել է առաջարկը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թրամփը շաբաթ օրը Truth Social-ում գրել էր, որ Ուայթին առաջարկել է պաշտոնը՝ նշելով, որ նա կարող է իր հետ բերել նաև UFC-ի վեց մարտիկների, որոնք կօգնեն «պաշտպանվել խելագար ձախերից»։
Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգը վերահրապարակել էր նախագահի գրառումը՝ կոչ անելով Ուայթին ընդունել առաջարկը։
Ինքը՝ Ուայթը, առաջարկի մասին հարցին ուղիղ չի պատասխանել՝ միայն նշելով, որ երկուշաբթի Վաշինգտոնում հանդիպելու է Թրամփի հետ։
Թրամփը նոր մամուլի քարտուղար է փնտրում Կարոլին Լևիթի հեռանալուց և Քեթի Զաքարիայի՝ պաշտոնում ընդամենը հինգ օր աշխատելուց հետո։
Ուայթը տարիներ շարունակ եղել է Թրամփի մերձավոր աջակիցներից մեկը։ Նա մասնակցել է Հանրապետական կուսակցության վերջին երեք համագումարներին և աջակցել Թրամփին՝ երիտասարդ տղամարդ ընտրողների շրջանում համակրանք ձեռք բերելու հարցում։
