Ուզբեկստանի Սուրխանդարյայի մարզում 59-ամյա ուսուցիչը հինգ օրով կալանավորվել է գործընկերուհուն սեռական ոտնձգության ենթարկելու համար։ Ուսուցիչը գործընկերուհուն, այլ մանկավարժների ներկայությամբ, ասել է. «Ինչ գեղեցիկ զգեստ ես հագել, հիմա կգրկեմ ու կհամբուրեմ»։
Կինը դատարանում պատմել է, որ այդ խոսքերից հետո ամաչել է գործընկերներից։ Նրա խոսքով՝ տղամարդը նախկինում ևս իրեն նման արտահայտություններ է արել, սակայն ինքը մինչ այդ բողոք չէր ներկայացրել։ Ուսուցիչը դատարանում ընդունել է մեղքը՝ հայտարարելով, որ այդ խոսքերն ասել է կատակով։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության համար և նշանակել հինգօրյա վարչական կալանք։ Նշենք, որ սա Սուրխանդարյայի մարզում նմանատիպ առաջին դեպքը չէ․ ավելի վաղ մեկ այլ ուսուցիչ գործընկերուհուն Telegram-ով անհանգստացնելու համար նույնպես դատապարտվել էր հինգօրյա վարչական կալանքի։
