Հայաստանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ Երևանը պաշտոնապես հայտնել է ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ իր դիրքորոշումը, իսկ կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով նախատեսված են համապատասխան ընթացակարգեր։
«Դուք գիտեք, որ Երևանն այժմ փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք նաև ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ Երևանի պաշտոնական հայտարարությունը։ Կանոնադրական փաստաթղթերում իսկապես նախատեսված են որոշակի քայլեր։ Իսկ հետագա զարգացումները կախված կլինեն նրանից, թե ինչ քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և կազմակերպությունում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, թե ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են։
