NBC․ Ֆլորիդայում որոշ ընտրողներ չեն կարողացել քվեարկել ընտրություններում

Ֆլորիդա նահանգի Բրոուարդ շրջանում որոշ ընտրողներ չեն կարողացել քվեարկել միջանկյալ ընտրություններում՝ ծրագրային ապահովման խափանման պատճառով։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խնդիրը ծագել է ընտրատեղամասերի աշխատակիցների կողմից օգտագործվող համակարգում՝ ընտրատարածքների վերաբաշխումից հետո։ Խափանումը վերացվել է 20 րոպեի ընթացքում։ Իշխանությունները քվեարկել չկարողացած քաղաքացիներին կոչ են արել մինչև տեղական ժամանակով ժամը 19։00-ն վերադառնալ ընտրատեղամասեր։ Շրջանում գրանցված է ավելի քան 1,1 միլիոն ընտրող։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են նոյեմբերի 3-ին։ Մի շարք նահանգներում վաղաժամ քվեարկությունը սկսվել էր հիմնական քվեարկության օրվանից մի քանի շաբաթ առաջ։

Ամերիկացիներն ընտրում են Սենատի 100 անդամներից 35-ին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։ 36 նահանգում անցկացվում են նաև նահանգապետերի ընտրություններ։ Բացի այդ, նահանգների մեծ մասում ընտրվում են գլխավոր դատախազներ, տեղական օրենսդիր մարմինների անդամներ և այլ պաշտոնյաներ։

Ներկայումս Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկում են հանրապետականները։ Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում, կկարողանան արգելափակել Սպիտակ տան օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև հետաքննություններ անցկացնել գործադիր իշխանության գործունեության վերաբերյալ և լսումների հրավիրել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Leave a Comment