Էներգետիկ ցնցումները՝ Հայաստանում գնաճի պատճառ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էներգետիկ ցնցումները՝ Հայաստանում գնաճի պատճառ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող անկայունությունն իր հետևանքներն է թողնում նաև Հայաստանի սպառողական շուկայի վրա.

«Եթե նավթի գինը թանկանում է համաշխարհային շուկայում, այդ դեպքում բոլոր էներգակիրների գները ինքնաբերաբար թանկանում են, և դրան հետևում են նաև այլ ապրանքների գները՝ անկախ նրանից, թե դրանց հիմքում ինչքանով են էներգակիրներ այսպես կիրառվել կամ ոչ»։ 

Այս շղթայում հատկապես խոցելի են այն ապրանքները, որոնց արտադրության կամ տեղափոխման ծախսերում զգալի է վառելիքի բաժինը։ Ներմուծվող ապրանքների դեպքում միջազգային թանկացումներին գումարվում են նաև ճանապարհածախսն ու լոգիստիկ այլ ծախսերը։ 

Ստեղծված իրավիճակում պետության տնտեսական քաղաքականության հնարավորություններն էլ անսահմանափակ չեն, բայց դրանց ազդեցությունը բոլոր դեպքերում նույնը չէ։ Գնաճի դեմ պայքարում կենտրոնական բանկի հիմնական գործիքներից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։ Սակայն այս գործիքը չի կարող լուծել մի խնդիր, որի սկզբնաղբյուրը Հայաստանից դուրս է. 

«Գործ ունենք ոչ թե ընդհանուր պահանջարկի մակարդակի բարձրացման, այլ առաջարկի բացասական շոկի հետ, որը դժվար է կառավարել ԿԲ ավանդական գործիքակազմով։ Փաստացի, եթե կենտրոնական բանկը տոկոսադրույքը բարձրացնի, որպեսզի գնաճը զսպի, դա համաշխարհային նավթի գների վրա, բնականաբար, չի անդրադառնա»։ 

Մյուս խնդիրը սպառողական շուկայում գների վերանայման հիմնավորվածությունն է։ Արտադրանքի ինքնարժեքի աճը կարող է տնտեսվարողի համար գին բարձրացնելու պատճառ դառնալ։ Բայց արդյո՞ք յուրաքանչյուր թանկացում ունի տնտեսական իրական հիմք, և որտե՞ղ է ավարտվում ծախսերի փոխհատուցումն, ու սկսվում շուկայական իրավիճակից օգտվելը.

«Եթե առաջ այդ ապրանքն իր վրա նստում էր, ենթադրենք, 1000 դրամ, հիմա նստում է 1200 դրամ․ այդ 200 դրամ թանկացումը, կարելի է ասել, արդարացված է»։ 

Սպառողների համար ամենակարևոր հարցը, սակայն, մնում է նույնը՝ ե՞րբ է հնարավոր գների նվազում ակնկալել։ Պատասխանը մեծապես կախված է միջազգային զարգացումներից։ Հատկապես Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը շարունակում է անորոշություն ստեղծել էներգակիրների մատակարարման և համաշխարհային շուկայի հեռանկարների շուրջ.

«Մինչև այս պատերազմի հանգուցալուծումը, կարծում եմ, էներգակիրների առաջարկի գնային շոկը պահպանվելու է։ Իհարկե, որոշակի ժամանակահատվածներում նվազում կնկատվի, սակայն երկարաժամկետ գների նվազում, կարծում եմ, ցավոք, չենք կարող ակնկալել»: 

Տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը համաշխարհային շուկայի վրա հատկապես տեսանելի է Հորմուզի նեղուցի դեպքում։ Այն Պարսից ծոցը Համաշխարհային օվկիանոսին կապող ռազմավարական նշանակության ճանապարհ է, որով իրականացվում է նավթի և նավթամթերքի զգալի ծավալի փոխադրում։ Հետևաբար, այստեղ ցանկացած ռազմական սրում կարող է վերածվել համաշխարհային էներգետիկ շուկայի հերթական ցնցման.

«Հենց այսօրվա ամերիկյան հարվածների պատճառով գները, նախորդ նվազումից հետո, նորից բարձրացել են նավթի շուկայում»։ 

Մինչ այդ, նկատենք՝ արտաքին շուկաներում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի համար ևս մեկ անգամ ընդգծում են էներգետիկ անվտանգության և տնտեսական ինքնաբավության կարևորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment