Ուկրաինան չի ուզում պատերազմն ավարտել ՌԴ պայմաններով. Ղևոնդյան

Ուկրաինան չի ուզում պատերազմն ավարտել ՌԴ պայմաններով. Ղևոնդյան

ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում նոյեմբերի 10-ին և 11-ին նախատեսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային հանդիպում։ Ըստ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ քննարկումները կկենտրոնանան պատերազմից հետո անվտանգության, լարվածության թուլացման, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

-Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից։

-Կարծում եմ՝ միանշանակ չէ, որ նման հանդիպում տեղի կունենա՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգներում ընտրություններ են, և դրանց արդյունքները կարող են էապես ազդել հանդիպման հավանականության վրա: Այսինքն, այն կարող է տեղի ունենալ, հետաձգվել, ընդհանրապես չլինել: Բայց եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա, նորից, մեծ հավանականությամբ, այն կլինի հերթական հանդիպումը, և համաձայնություններ ձեռք բերել չի հաջողվելու, քանի որ կողմերի ռեսուրսները դեռևս թույլ են տալիս պատերազմը շարունակել, իսկ պատերազմի ավարտ՝ գոնե այն պայմաններով, ինչ պայմաններ առաջարկում է Ռուսաստանը, Ուկրաինան չի ուզում, իսկ այն պայմաններով, ինչ առաջարկում է Ուկրաինան, Ռուսաստանը չի ուզում:

-Ուիթքոֆի խոսքով՝ բանակցությունների շրջանակում քննարկվելու են նաև «Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»։ Ի՞նչ երաշխիքների մասին կարող է խոսք լինել։

-Գիտեք՝ անվտանգության երաշխիքների մասին խոսք կարող է լինել այն դեպքում, եթե ինչ-որ տրամաբանություն է հաստատվում, որի շրջանակներում կանգնելու է պատերազմը: Ենթադրենք՝ շփման գիծը պահպանվում է այնպես, ինչպես կա, ինչ-որ մի բան ճանաչվում է Ռուսաստանի կողմից կամ չի ճանաչվում, եթե Ռուսաստանը Ուկրաինային ինչ-որ բան է հետ փոխանցում, կամ Ուկրաինան՝ Ռուսաստանին. այսինքն, որոշակի տրամաբանություն պիտի ձևավորվի, որի շրջանակներում հաջորդ քայլը կլինի Ուկրաինայի անվտանգության հետագա երաշխիքների հարցը: Քանի որ, ինչպես նշեցի, նման բան հիմա հնարավոր չէ (որովհետև չկա տարբերակ, որի դեպքում կողմերը կարող են ընդհանուր համաձայնության գալ, դադարեցնել պատերազմն այսօր), ապա անվտանգության երաշխիքներն էլ կլինեն ընդամենը աբստրակտ մոտեցումներ։ 

-Բրյուսելում ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպելու են եվրոպական երկրների, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը։ Ի՞նչ դեր կարող է ունենալ Եվրոպան բանակցային գործընթացում։

-Դե, եթե բանը հասնի նրան, որ անվտանգության խնդիրները քննարկվեն հետպատերազմյան ժամանակաշրջանում, ապա եվրոպական ներկայացուցիչները կարող են իրենց պայմաններն ունենալ, օրինակ՝ իրենց մասնակցությունը անվտանգության ապահովման գործընթացին, որոշակի զորքերի տեղակայում Ուկրաինայի տարածքում, գուցե հետագայի համար Ուկրաինա-ԵՄ համագործակցության հարցերը։ Եվրոպական կողմը կարող է նույնիսկ պահանջել, որ Ռուսաստանը համաձայն լինի ընդհանուր եվրոպական անվտանգության համակարգի հովանու տակ Ուկրաինային ևս տեղ հատկացնելուն: Այսինքն՝ պայմաններ, պահանջներ կարող են լինել, բայց հաշվի առնենք, որ այս ժամանակաշրջանում քիչ հավանական է, որ կարող է լինել համաձայնություն պատերազմի ավարտի վերաբերյալ, հետևաբար, հետպատերազմական ժամանակաշրջանի մասին որոշ խոսակցություններ ընդամենը աբստրակտ են։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment