Ռազմական էսկալացիայի հնարավորությունը բավական մեծ է. Արմեն Պետրոսյան

Ռազմական էսկալացիայի հնարավորությունը բավական մեծ է. Արմեն Պետրոսյան

Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 10-ին և 11-ին, իսկ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

-Ըստ Ձեզ, Զելենսկին պատրա՞ստ է հանդիպել, կկայանա՞ հանդիպումը, թե՞ ոչ։

-Զելենսկու հայտարարությունը քաղաքական բնույթի է․ ուզում է նշել, որ այս պահին պայմանավորվածություն կա Աբու Դաբիում եռակողմ հանդիպման մասին։ Ուկրաինական հակամարտության բանակցային կարգավորման գործընթացում արձանագրվում է բովանդակային փոփոխություն․ առաջանում է եռակողմ բանակցային ձևաչափի հնարավորություն՝ Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ։ Իսկ դա ձեռնտու չէ ո՛չ Ուկրաինային, և ո՛չ էլ ԵՄ-ին, հետևաբար, կանխատեսելի է, որ այդ դերակատարները փորձելու են խափանել այս ձևաչափի կարծրացումը և դրա շրջանակում կարգավորման գործընթացի հետագա ընթացքը, որը չի կարող բխել ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Եվրոպական Միության շահերից։

-Ի՞նչ դեր կարող է ունենալ Թուրքիան՝ որպես միջնորդ ռուս-ուկրաինական բանակցություններում, և հնարավո՞ր է, որ Էրդողանի միջնորդությամբ կայանալիք հանդիպումը հանգեցնի բանակցային գործընթացում իրական առաջընթացի։

-Թուրքիան հակամարտության հենց սկզբից էլ ձգտել է հանդես գալ որպես հիմնական միջնորդ, և անգամ բանակցությունների տեխնիկական մի քանի փուլ անցել է նաև Թուրքիայում, բայց դրանք որևէ արդյունք չեն ունեցել։ Ներկայումս ևս Թուրքիան ձգտում է նման դերակատարման, բայց դրան առնվազն կողմ չէ Ռուսաստանը։ Կարծում եմ՝ այս պահին իրատեսական սցենար չէ։ Աբու Դաբիում տեխնիկական բնույթի բանակցություններից հետո պարզ կլինի՝ կողմերը գնու՞մ են պայմանավորվածությունների, թե՞ ոչ։ Այստեղ կարևոր հանգամանք կա Միացյալ Նահանգների դերակատարման մեջ, թե որ երկրում տեղի կունենան բանակցությունները։ Պայմանավորվածություն՝ ոչ միայն Ռուսաստանի, Ուկրաինայի, այլև Միացյալ Նահանգների նախապատվություններով, ուստի չի բացառվում, որ ինչ-որ փուլում այդ բանակցությունները տեղի ունենան և Թուրքիայում։ Բայց այս պահին, կարծես, չկա լայն փոխզիջում, որպեսզի Թուրքիային հաղորդվի աշխարհաքաղաքական կշիռ։

-Թրամփը կրկին սպառնացել է վերսկսել Իրանին ավիահարվածները՝ առանց այլ մանրամասները նշելու: Որքանո՞վ է իրական ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին ազդակը։

-Այսօր առավոտյան արդեն բախում է արձանագրվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ Հիմա ուկրաինական հակամարտության ընթացքի հետ կապված որևէ սցենար բացառել չի կարելի, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Թրամփի հայտարարությունների հղումով նման կանխատեսումներ անելն այնքան էլ ճիշտ չէ։ Այո, կա ռազմական էսկալացիայի մեծ հնարավորություն, որը պետք է ունենա որոշակի տրամաբանական վերջնարդյունք, այսինքն՝ Միացյալ Նահանգներն իրականացնի որևէ գործողություն, որից հետո համարի խնդիրը փակված և դուրս գա տարածաշրջանից․ դրա հավանականությունը կա։ Միևնույն ժամանակ, կա նաև այլ տարբերակ․ այս սառեցված վիճակի երկարաձգում՝ շատ ավելի մեծ ֆինանսատնտեսական ճնշման գործադրմամբ։ Կարծում եմ՝ այս պահին Միացյալ Նահանգները դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Այստեղ կա նաև, իհարկե, Իսրայելի դերակատարման հնարավորությունը, և քանի որ այնտեղ դեռևս առկա է որոշակի անկայունություն՝ ներքաղաքական պրոցեսների և նոր կառավարության ձևավորման հետ կապված, կարծում եմ՝ որևէ հնարավոր զարգացման մասին հստակ խոսելն այս պահին վաղ կլինի։ Պետք է հասկանալ, թե Իսրայելում ինչպիսի ընթացք են ստանում ներքաղաքական զարգացումները, որոնք ազդեցություն կունենան նաև տարածաշրջանում ընթացող և, նաև, Իրանի դեմ հակամարտության տրամաբանության վրա։

-Մինչ Թրամփը սպառնում է նոր հնարավոր հարվածներով, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին զգուշացրել է միջազգային հանրությանը, որ ցանկացած աստիճանի կամ տեսակի սպառնալիք կստանա արձագանք։

-Բնականաբար, թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական մակարդակում Իրանի պատասխաններն այն տրամաբանության մեջ են, որով ընթանում են գործողություններն այդ երկրի դեմ: Այսինքն, եթե Իրանին սպառնում են պատերազմով, Իրանն էլ պետք է պատասխանի այդ տրամաբանությամբ: Դրանով է պայմանավորված, մեծ հաշվով, իրանական կողմի հռետորաբանությունը և քարոզչական մարտավարությունը։ Բոլորն էլ հասկանում են, որ Իրանի մոտեցումը կամ պատասխանը հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում լինելու է նույն տրամաբանությամբ, ինչպես վերջին պատերազմը։ Այսինքն, Իրանը դարձյալ թիրախավորելու է ամբողջ տարածաշրջանը և փորձելու է մեծացնել տնտեսական ճնշումները տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ կապուղիների համար՝ ստեղծելով ճգնաժամ։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment