Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց այսօր կայացած բողոքի ժամանակ «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց՝ պատրաստ են Խորհրդին նամակ փոխանցել՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականի, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության հեռարձակման քաղաքականությունը վերանայելու ու այն հանրության շահերի հուն վերադարձնելու պահանջով։
Նա տեղեկացրեց, որ նամակի տակ ստորագրել է շուրջ 300 հանրային գործիչ։ Չալաբյանը միաժամանակ հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած իրադարձությունները, փոխարենը ժամանցային համերգ է հեռարձակել՝ ավելի սաստկացնելով բազմահազար զոհերի և հայ ժողովրդի ցավը։
Ըստ Չալաբյանի՝ նման որոշումը վիրավորական է զոհերի հարազատների և տուն կորցրած հազարավոր ընտանիքների համար, հետևաբար միայն ներողություն խնդրելը բավարար չէ։
«Բացի այդ՝ ողջ հայ հանրության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը հանդես չի գալիս ամբողջ հասարակության անունից, ինչպես պահանջում է օրենքը, այլ գործում է որպես գործող վարչակարգի կուսակցական հեռուստաալիք՝ կողմնակալ հեռարձակում իրականացնելով և՛ ընտրություններից առաջ, և՛ դրանց ընթացքում, և՛ խորհրդարանի գործունեությունը լուսաբանելիս։ Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանությունների քարոզչամեքենայի։ Ամեն ինչ ներկայացվում է այնպես, կարծես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է Հայաստանում, որը ճիշտ քաղաքական գիծ է վարում»,- նշեց Ավետիք Չալաբյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ ընտրությունները լուսաբանելիս Հանրային հեռուստաընկերությունը բացահայտ քարոզչություն է իրականացնում հօգուտ իշխանությունների։
«Մասնավորապես Պետրոս Ղազարյանի հաղորդումներում բացահայտ կողմնակալ վերաբերմունք է դրսևորվում։ Եթերը ծառայում է իշխանամետ թեզերի առաջմղմանը, իսկ այլախոհների դիրքորոշումը ենթարկվում է մանիպուլյացիայի։ Բացի այդ՝ Հանրայինի եթերը տրամադրվում է այնպիսի անձանց, որոնք պառակտում են մտցնում երկրի հոգևոր կյանքում և նպատակաուղղված հարվածում են Հայ Առաքելական եկեղեցուն ու ազգային համերաշխությանը»,- նշեց Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ եթե Հանրային հեռարձակողի խորհուրդն այս պահանջներին լրջությամբ չվերաբերվի, ապա «Հայաքվե» շարժումը կդիմի հետագա օրինական քայլերի։