Քրեական գործով իրեղեն ապացույցները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահի հետ միասին գրկած, տարել է պատկերասրահ ու սկսել հիանալ այդ իրեղեն ապացույցներով, բայց գլխավոր դատախազը Ազգային ժողով չի գալիս և զեկույցով հանդես չի գալիս։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորը նշել է, որ բյուջետային քննարկումներին մասնակցում են տարբեր կառույցների ղեկավարները, իսկ գլխավոր դատախազը՝ ոչ։
«Դուք կասեք՝ օրենքն է այդպիսին, բայց դա նաև իր ցանկության հարցն է: Օրինակ, պարոն Պողոսյան, դուք ինչու եք եկել. մի օրենք էլ ձեզ համար հանեք, դուք էլ մի եկեք: Ասենք՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ինչու է գալիս: Չէ, ես անկեղծ հարց եմ ուզում տալ և ուզում եմ, որ իշխանական պատգամավորներն էլ այս հարցին պատասխանեն։ Պաշտպանության նախարարը պարապ է, ժողովուրդ, ինչու է գալիս, վաղն ինչու է գալու Արտաքին հետախուզական ծառայության պետը. բոլորը գալիս են կառույցի ղեկավարի մակարդակով, և միայն տիկինն է, որ զբաղված է»,- նշել է պատգամավորը։