«Առանց արմատներդ իմանալու՝ լիարժեք չես». ինչպես Մարսելի հայ երիտասարդը «Դեպի Հայք»-ով որոշեց մնալ Հայաստանում․ «Սփյուռքի ձայնը»

Եվրոպական հեղինակավոր բուհեր, MBA աստիճան, աշխատանք Մարսելի հայտնի «Hôtel Mercure»-ում և հարմարավետ եվրոպական ապագա. թվում է՝ իդեալական կյանքի բանաձև է: Սակայն Նորայր Առաքելյանի համար այս ամենը բավարար չէր ներքին մի կարևոր դատարկություն լցնելու համար։

«Ինչքան էլ Ֆրանսիան ինձ ամեն ինչ տվել է, առաջին օրվանից ինձ այնտեղ օտար եմ զգացել… Իմ միակ ձգտումը եղել է հետ գալը»,- խոստովանում է նա:

Բայց ինչպե՞ս եվրոպական կրթությամբ ու մտածելակերպով երիտասարդը կարող էր առանց վարանելու կտրուկ շրջադարձ կատարել և իր ապագան կապել Հայաստանի հետ։ Պատասխանը մեկն է՝ «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի կամավորությունը, որը դարձավ այն վճռորոշ հարթակը, որտեղ հայրենասիրությունը վերածվեց կոնկրետ գործի:

Կոտրելով կարծրատիպերը. կամավորությունը «փողոց ավլելը չէ»

Նորայրը բացահայտում է մի ճշմարտություն, որը շատերը չգիտեն. սփյուռքահայերի շրջանում հաճախ սխալ ընկալում կա, թե կամավորությունը սոսկ շաբաթօրյակներին մասնակցելն է։

«Երբ ասում ես «կամավորություն», շատերը կարծում են՝ ժամանակ ես վատնելու կամ փողոց ես մաքրելու: Իրականում «Դեպի Հայք»-ը քեզ հնարավորություն է տալիս գործել քո՛ մասնագիտությամբ և այնպիսի կապեր ստեղծել, որոնք այլ կերպ անհնար կլիներ գտնել»,- նշում է Նորայրը:

Ֆրանսիայի բիզնես-ինժեների դիպլոմով երիտասարդը Հայաստանում հայտնվեց իրադարձությունների կենտրոնում՝ դառնալով Ֆրանսիայից ժամանած հանրահայտ «Hervé Koubi» պարային խմբի համակարգողը Կասկադում կայացած մեծ համերգի ժամանակ՝ շփվելով Ֆրանսիայի և Բելգիայի դեսպանների հետ: «Դեպի Հայք»-ի շնորհիվ նա հասկացավ՝ կամավորությունը ոչ թե ժամանակի կորուստ է, այլ մասնագիտական թռիչքուղի, որտեղ ներդրածդ ամեն րոպեն վերադառնում է անգնահատելի փորձով ու կապերով:

«Ես չեմ ուզում հետ գնալ…»

Նորայրի ընտանիքում Հայաստանով ապրելը վարակիչ է: Նրա 14-ամյա քույրը, ով ծնվել է Ֆրանսիայում, առաջին անգամ ոտք դնելով հայրենիք՝ օդանավակայանում պարզապես լաց էր լինում.

«Ես չեմ ուզում գնալ այստեղից, ուզում եմ մնալ Հայաստանում»:

Այս արցունքներն անհիմն չեն. նրանք տեսնում են մեր երկրի թերությունները՝ քաոսային երթևեկությունից մինչև կարծրատիպային մտածելակերպ, բայց տեսնում են նաև այն անփոխարինելի ջերմությունը, որը Եվրոպայում չկա:

«Մարդիկ տաքսու մեջ բողոքում են երթևեկությունից, բայց երկու րոպե հետո իրենք են նույն սխալն անում։ Չի կարելի միայն բողոքել. պետք է ինքդ սկսես քեզնից շտկել այն, ինչը վատն է»,- դիպուկ նկատում է երիտասարդը:

Արմատներ, որոնք թևեր են տալիս

Ավարտելով կամավորական առաքելությունը COP17-ի նախապատրաստական թիմում՝ Նորայրն այլևս հետդարձի ճանապարհ չի փնտրում: Նա մնում է Հայաստանում՝ իր եվրոպական փորձը ծառայեցնելու հայկական բիզնես միջավայրին:

Նրա ուղերձը Սփյուռքի բոլոր երիտասարդներին մեկն է. «Առանց արմատներդ իմանալու՝ դու լիարժեք չես: Կարող ես ապրել աշխարհի ամենահարուստ երկրում, բայց ներքին ձգտումդ քեզ միշտ կանչելու է այստեղ: Իսկ «Դեպի Հայք»-ն այն հրաշալի դուռն է, որը բացում է այդ ճանապարհը: Պետք է պարզապես գալ, տեսնել ու դառնալ այս հողի տերը»:

Leave a Comment