Վանաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցած «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցադրությունն արձագանքում է խորհրդային «Արտեկ» պիոներական ճամբարի պատմությանը, հիշողությանն ու ճարտարապետական միջավայրին։
Այն «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի երրորդ նախագիծն է, որին մասնակցել են ինստալյացիայի, գեղանկարչության և տպագրական արվեստի ոլորտներում ստեղծագործող չորս տեղացի և արտերկրից ժամանած արվեստագետներ։
Վերջիններս մանրակրկիտ ուսումնասիրել են «Արտեկ»-ի տարածքը, դրա հետ կապված հիշողություններն ու ճարտարապետական առանձնահատկությունները՝ ստեղծելով աշխատանքներ, որոնք նոր հայացք են նետում ճամբարի անցյալին ու ներկային՝ վերաիմաստավորելով դրա հնարավորությունները։
«Թոք» մշակութային կազմակերպության համահիմնադիր և ցուցահանդեսի համադրող Սոնա Հովհաննիսյանն ու կազմակերպության համահիմնադիր, արթ-մենեջեր Մարիաննա Աճեմյանը ներկայացնում են նախագծի գաղափարական առանձնահատկությունները։
Սոնա Հովհաննիսյանը նշում է. «Երբ ուսումնասիրում էինք Արտեկի մանկական ճամբարը, հասկացանք, որ շատ քիչ ենք առնչվում լքված այն շենքերին, որոնք նախատեսված են եղել մանուկների համար և նպաստել են ապագայի կերտմանը։ Ինքնին Արտեկը դարձավ մեզ համար ապագայի ճարտարապետություն, որտեղ խոսում են ապագայի մասին»։