Axiom Space-ի համահիմնադիրը մտադիր է Հայաստանին առաջարկել տիեզերագնաց ուղարկել տիեզերք

Axiom Space ընկերության համահիմնադիր Քեմ Գաֆարյանը մտադիր է այցելել Երևան, որտեղ Հայաստանի կառավարությանը կառաջարկի կազմակերպել տիեզերական առաքելություն՝ հայ տիեզերագնացի մասնակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Գաֆարյանը հույս է հայտնել, որ մի օր հայ տիեզերագնացը կմեկնի տիեզերք։ Նա նշել է, որ իր ընկերությունն արդեն տիեզերք է ուղարկել թուրք տիեզերագնացի։ Նրա խոսքով՝ տիեզերագնացի թռիչքը ոգեշնչում է ողջ ազգին։

Այցի ընթացքում Գաֆարյանը հույս ունի համոզել Հայաստանի ղեկավարությանը՝ պաշտոնապես հայտարարել ծրագրի մեկնարկի մասին։ Նա նաև հայտնել է, որ նախագիծը կարող է ֆինանսավորել Հայաստանի կառավարությունը, իսկ Axiom Space-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել։

Քեմ Գաֆարյանը չի բացառում, որ իր տոհմում կարող են լինել հայկական արմատներ։ Նրա խոսքով՝ ընտանիքի որոշ անդամներ, հավանաբար, հայկական ծագում ունեն, ինչը կարող է կապված լինել իր ազգանվան հետ։

Leave a Comment