Ի՞նչ նախապայմաններով Իրանը կվերաբացի Հորմուզը․Շահան Գանտահարյան

Ի՞նչ նախապայմաններով Իրանը կվերաբացի Հորմուզը․Շահան Գանտահարյան


Ի՞նչ նախապայմաններով Իրանը կվերաբացի Հորմուզը․«Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ


– Իսրայելի խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կազմավորումը բավականին ձգձգվում է, և համախոհական կառավարության հարցը դեռևս անորոշ է։ Ի՞նչ քայլերի է դիմում գործող վարչապետը։


— Նոր ընտրություններ պահանջող գործող վարչապետը, ակնհայտորեն դժգոհ լինելով արդյունքներից, աշխատում է այնպիսի կառավարություն ձևավորել, որի միջոցով կկարողանա անարգել շարունակել իր հայտարարած առաջադրանքները, հատկապես՝ «Իրանի գոյաբանական վտանգազերծման» գործողությունները։ Դեռևս իր քաղաքական ասպարեզի ճակատագիրը չճշդած՝ Նեթանյահուն ուզում է Իրանի դեմ կատարվելիք հարձակումները զուգակցել Լիբանանի ուղղությամբ պատերազմական գործողություններ սանձազերծելով։ Անօդաչու սարքերն ու հրթիռային հարձակումներն այս օրերին բազմացել են լիբանանյան տարբեր շրջանների ուղղությամբ։


-. Ի՞նչ դիրքորոշում ունեն Վաշինգտոնն ու Թել Ավիվն այս հարցում, և հատկապես ի՞նչ է խոստանում Միացյալ Նահանգների նախագահը։


-. Վաշինգտոն-Թել Ավիվ փոխզորակցական հայտարարություններով նույն վտանգն արմատախիլ անելու համահունչ հրապարակումներ են կատարվում։ Միացյալ Նահանգների նախագահն ընտրություններից հետո, տասը վայրկյանի սահմաններում կատարվելիք ռազմական հարձակումներով խոստանում է հարցը ընդմիշտ լուծել՝ կենտրոնանալով միջուկային ծրագիրը չեզոքացնելու վրա։ Ընտրությունների պատկերը կարող է փոխել ամերիկյան մոտեցումները՝ անկախ նրանից, որ նախագահի հայտարարությունները շատ արագ փոփոխության են ենթարկվում՝ գործընթացները հրելով անելանելի ոլորապտույտի մեջ։


-. Իսկ ի՞նչ ուղերձներ է հղում պաշտոնական Թեհրանը, և մասնավորապես ի՞նչ պայմաններ է առաջ քաշում Հորմուզի նեղուցի վերաբացման համար։


–Պաշտոնական Թեհրանը փոխանցում է թե՛ բանակցությունների և թե՛ պատերազմի պատրաստ լինելու ուղերձներ։ Այն ուղղակիորեն մատնացույց է անում բուն հանգույցը և խոսում Հորմուզի նեղուցը վերաբանալու իր պայմանների մասին։ Թեհրանը նկատում է երանգային տարբերություններ Միացյալ Նահանգների նախագահի ու փոխնախագահի հայտարարությունների միջև, բայց մանավանդ բանաձևում է Հորմուզը վերաբանալու իր նախապայմանները։


Այդ պայմաններն են․


  1. Իսլամաբադի հուշագրից հետո դրված պատժամիջոցների վերացում։

  2. Տարածաշրջանում ԱՄՆ-ի զորքերի կրճատում։

  3. Անհրաժեշտ արտոնությունների վերականգնում, որոնք թույլ էին տվել Իրանին նավթ վաճառել։

  4. Բոլոր սառեցված իրանական միջոցների ապասառեցում, ներառյալ՝ Քաթարում պահվողները։

  5. Իրանի և Օմանի միջև քննարկված նավագնացային ուղիների ճանաչում և դրանցից դուրս անցնող մյուս բոլոր ուղիների փակում։


-. Այս համատեքստում ի՞նչ դերակատարություն ունեն միջնորդ երկրները՝ Փաքիստանը, Օմանը և Քաթարը։


-. Նախ արձանագրենք, որ այստեղ նշվում են երեք միջնորդներ՝ Փաքիստան, Քաթար և Օման։ Նախապայմաններում կան Իսլամաբադի համաձայնությունից առնված կետեր, բայց Փաքիստանն իբրև միջնորդ այստեղ անցյալի կարգավիճակ ունի։ Անցյալ է նաև Օմանը, որի միջնորդությամբ կայացված համաձայնությունը հարգելու նախապայման է արծարծում Թեհրանը։ Եվ կա այժմյան միջնորդը՝ Քաթարը, որի միջնորդական առաքելությունները փոխարինվել էին մյուս երկուսով, սակայն հիմա դարձյալ Դոհան է վերստանձնում իր կարևոր դերակատարությունը։


Միջնորդների այս փոփոխականությունը իր տրամաբնությունն ունի, անշուշտ․ միջնորդը պետք է ընդունելի լինի հակամարտող երկու կողմերից։ Դա չի նշանակում անպայման, որ այս պարագայում մյուս երկու միջնորդները շարքից դուրս են բերվել։ Փաքիստանը Մեքքայի դաշինքի աշխուժ մասնակից է։ Թուրքիան պաշտոնապես առկա չէ, սակայն Դոհայի վրա ունեցած իր կշիռը տեսանելի է։ Իսրայելն այս հանգրվանում կարող է Դոհայից այնքան էլ գոհ չլինել, որովհետև խորհրդարանական ընտրություններում արաբական շրջանակների հավաքած քվեների պատկերին արձագանքելով՝ ամբաստանեց արաբ քաղաքական շրջանակներին քաթարյան և թուրքական կենտրոնների հետ կապված լինելու հանցանքով։


–Արդյո՞ք Իրանը որևէ այլ զգուշացում կամ հակազդեցության ծրագիր ունի։


-. Իրանը բանակցելու իր պայմանները փոխանցելուց հետո զգուշացնում է Վաշինգտոնին չդիմել լայնածավալ հարձակման՝ ավելացնելով, որ պատրաստ է համարժեք պատասխանի, և որ աշխարհագրությունը իմաստ չունի հակադարձության գործողությունների ծրագրում։


Ուշագրավ է, որ Հորմուզը փակ լինելով հանդերձ՝ միջանցքային արահետներ են աշխատում, և նավթի արտահանման ուղիները փաստորեն բաց են, որովհետև Իրանի նախապայմաններից մեկը հենց այդ ուղիների փակումն է։ Հարակից ուղիների վրա վերահսկողությունը ներկա պահի դրությամբ փաստորեն չի պատկանում Իրանին։


– Եզրափակելով՝ ի՞նչ ժամկետների և իրատեսական սցենարների մասին կարելի է խոսել։


–Իրանը դիվանագիտորեն հիշում է նախկին պայմանավորվածությունները՝ կայացած Փաքիստանի և Օմանի միջնորդությամբ, և ընդունում է Դոհայի երաշխավորությամբ նոր պայմաններով բանակցել ու վերաբանալ Հորմուզը։ Մինչդեռ Թրամփը խոսում է Հորմուզը վերաբանալու համար տասը րոպե տևող հարձակումների մասին։


Դժվար է պատկերացնել, որ փետրվարի 22-ին սկսված պատերազմը տասը րոպէից ավարտվի։ Ավելի իրատեսական է Թեհրանի տված ժամկետը. եթե 5 կետերը հարգվեն, Հորմուզը կվերաբացվի երկու օրից։

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment