Մինչ այս պահն ինչ գրել ենք նախարարությունում՝ քննարկել ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ։ Բազմիցս ասել եմ, որ շատ նախագծեր որոշվել են խորհրդի անդամների կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ըստ նախարարի՝ որոշում ունեն շարունակելու խորհրդի հետ աշխատանքները։
«Վերջին հանդիպման մասին վերջերս հրապարակում ենք արել։ Խորհրդի անդամներն էլ էին հարց բարձրացրել, թե արդյոք սահմանադրական բարեփոխումների տեքստի մասով իրենք են պատասխանատվություն կրելու։ Իմ ընկալումն այն է, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվությունն իրենց վրա վերցնել։ Ես առաջարկել եմ, որ մենք շարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, և խորհրդի անդամներն ազատ կլինեն իրենց կարծիքն ազատ արտահայտել որևէ դրույթի վերաբերյալ։
Բայց մեզ համար այս պրոցեսում անչափ կարևոր է ներառականությունը, մենք պատրաստվում ենք չքննարկված յուրաքանչյուր հարց քննարկել խորհրդի հետ և դրա համար ունենք բավականին երկար ժամանակ»,- ասաց Սրբուհի Գալյանը։
Հարցին՝ ինչու Խորհուրդը սահմանադրական բարեփոխումների տեքստին հասանելիություն չունի, նախարարը պատասխանեց .
«Մենք, պայմանական ասած, ունենք 12 գլուխ, որի 70-80 տոկոսը քննարկել ենք, և սա նշանակում է, որ Խորհուրդը տեղյակ է տեքստից։ Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ամբողջին ծանոթ չէ, ապա, այո՛։ Սակայն, պետք է ծանոթանա, ինչպես որ հանրությունը, որն այսօր տեքստի մասին պատկերացում չունի, սակայն վաղ թե ուշ պետք է ունենա։ Այստեղ ոչ մի գաղտնի բան չկա»։
Գալյանը շեշտեց՝ Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է լինելու։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի նախագահի պահանջով, նախարարը նկատեց՝ այդ դիսկուրսն արդեն սպառել է իրեն։
«Մենք ունենք մեր ներքին օրակարգը, որում արտացոլված է նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հետ կապված դրույթ, և մենք, հանձնառությունը ստանձնած լինելով, առաջ ենք շարժվում։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդը պետք է որոշի, իսկ եթե ընդդիմությունը կարծում է, որ ժողովուրդը չպետք է որոշի, այլ՝ իրենք, դա արդեն այլ հարց է»,- ասաց նախարարը։
Սրբուհի Գալյանը շեշտեց՝ Անկախության հռչակագրի նախաբանում առկա են ժամանակավրեպ նպատակադրումներ։
«Անկախության հռչակագիրը որևէ մեկը պատմության էջերից չի կարող ջնջել, այդպիսի միտք էլ չի կարող ունենալ, բայց փաստ է, որ Հռչակագրի նպատակադրումներն այլևս ժամանակավրեպ են։ Մենք չունենք նպատակադրում ԼՂ-ի և Հայաստանի միավորման»,- ասաց Գալյանը։