Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի օդային տարածքով անցնելիս շնորհավորանքներ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ նոյեմբերի 8-ին նշվող այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։
Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահը սա արել է Հարավային Կորեա մեկնելու ընթացքում, երբ նրա ինքնաթիռը մուտք է գործել Ադրբեջանի օդային տարածք, օդաչուն կապ է հաստատել ավիադիսպետչերի հետ և փոխանցել Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձը։
«Իմ և ինձ ուղեկցող պատվիրակության անունից ամենաջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ հայտնել իմ հաստատուն համոզմունքը, որ մեր երկրների միջև դաշնակցային հարաբերություններն ու համագործակցությունը շարունակելու են ամրապնդվել և զարգանալ»,- ասվում է ուղերձում։
Էրդողանը շնորհավորել է Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին՝ մաղթելով երկրին կայուն խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց։
