Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը կրկին ցույց տվեցին միջազգային առևտրի համար հուսալի այլընտրանքային ուղիների ստեղծման անհրաժեշտությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս մասին ասել է հարավկորեական «Yonhap» գործակալությանը տված հարցազրույցում։
«Այս ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կենսական նշանակություն ունի միջազգային առևտրի համար հուսալի այլընտրանքային ուղիների մշակումը», — ասել է Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով համաշխարհային էներգետիկ շուկաներում և միջազգային առևտրային ուղիներում տիրող իրավիճակը:
Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան աշխատանքներ է տանում Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ամրապնդման ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա հիշատակել է պատմական Հիջազի երկաթուղու վերականգնման ծրագրերը։
Էրդողանը նաև շահագրգռվածություն է հայտնել, որ հարավկորեական ընկերություններն ավելի ակտիվորեն ներգրավվեն Թուրքիայի տարածաշրջանային տրանսպորտային ու լոգիստիկ նախագծերում «Ցանկալի է, որ կորեական ընկերություններն ավելի ակտիվ մասնակցեն Թուրքիայի տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ներդրումային նախագծերին»,– ասել է նա։
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:
Կարդացել են
15 անգամ