2027-ի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

2027 թվականի պետական բյուջեի եկամտային մասը պլանավորված է 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ կամ 10 միլիարդ դոլար: Այս մասին այսօր ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրենք, որ 2017 թվականի համեմատ 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասի աճը կազմում է 191 տոկոս, այսինքն՝ 2017 թվականի համեմատ եկամտային մասը եռապատկվում է: 2021 թվականի համեմատ աճը 114 տոկոս է, կամ շուրջ 2.1 անգամ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ կապիտալ ծախսերի աճը պլանավորվում է 2017 թվականի համեմատ 3.2 անգամ շատ, իսկ 2021 թվականի համեմատ՝ 3.5 անգամ:

«Կրթության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ պլանավորված է 181 տոկոս՝ 2.8 անգամ, 2021 թվականի համեմատ՝ 2.3 անգամ: Գիտության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ 2.7 անգամ, 2021 թվականի համեմատ՝ 2.5 անգամ»,- ասաց Փաշինյանը:

Նա միաժամանակ շեշտեց՝  որքան մեծանում է բյուջեն, այնքան ավելի մեծանում են ծախսերն ու ակնկալիքները:

«Ինչքան բարձր է երկրում բարեկեցության մակարդակը, մարդիկ ակնկալում են բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Հայաստանի պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բնակիչների գործունեության արդյունքում ձևավորված միջոցներն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment