Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր սահմանադրությանը, նրա դեմ հանրային ճնշում կգեներացվի. Փաշինյան

Մինչև տարվա վերջ՝ հավանականությունը մեծ է, որ նոյեմբերին, կհրապարակենք նոր սահմանադրության նախագիծը: Այս մասին այսօր ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կսկսվեն հանրային քննարկումները, կընդունվեն և կքննարկվեն առաջարկներ։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ նոր սահմանադրության նախագիծը բավարար քննարկված է հանրության շրջանում, որից հետո կկազմակերպենք նոր սահմանադրության նախագծի հերթական քննարկումը»,- նշեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ կառավարության առաջիկա ամենակարևոր անելիքներից մեկն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որի համատեքստում ընդդիմության կողմից բարձրացվում է այն հարցը՝ արդյոք նոր սահմանադրության ընդունումը երաշխավորելու է այդ համաձայնագրի ստորագրումն ու համապարփակ խաղաղությունը:

«Մեր ջանքերն առաջիկայում ուղղված են լինելու հենց այս հարցերի պատասխանը ստանալուն: Եթե Հայաստանի կառավարող մեծամասնությունն այս բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա և համոզիչ պատասխաններ տա նաև դրանից բխող հարցերին, թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ, եթե մենք այսպիսի դրական պատասխանների պայմաններում գնանք նոր սահմանադրության ընդունման գործընթացով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր և կողմ կքվեարկի նոր սահմանադրությանը:

Եթե ունենանք դրական պատասխաններ, և խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ խաղաղությանը: Այդ դեպքում՝ միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»,- հայտարարեց Փաշինյանը:

Leave a Comment