ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կարճ զրույցի ընթացքում քննարկել է երկու երկրի նախագահների հնարավոր հանդիպումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԹԳՀԿ) առաջիկա գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին նա հայտարարել է Ատլանտայում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած ասուլիսում, գրում է ՌԲԿ-ն։
Ռուբիոյի խոսքով՝ քննարկել են հաջորդ ամիս Չինաստանում կայանալիք ԱԹԳՀԿ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր շփման հարցը։ Նա նաև նշել է, որ G20-ի շրջանակում, սակայն, որևէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնվել։
Անդրադառնալով Ուկրաինայում բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու հնարավորությանը՝ Ռուբիոն ասել է, որ վստահ չէ՝ արդյոք դա իրագործելի՞ է։
«Հենց դա էլ փորձում ենք պարզել։ Չեմ կարծում, թե որևէ մեկը պնդում է, որ կարգավորումը մոտ է»,- նշել է նա։
Լավրովը նույնպես հայտնել էր Ռուբիոյի հետ կարճատև զրույցի մասին։ Նրա խոսքով՝ քննարկել էին երկկողմ հարաբերությունների և բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, G20-ում և ԱԹԳՀԿ-ում համագործակցության հարցերը։ Լավրովը նշել էր, որ չնայած դիզելային վառելիքի գործարքին՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում իրական առաջընթաց չկա։
ԱԹԳՀԿ գագաթնաժողովն այս տարի կանցկացվի նոյեմբերի 18-19-ը՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում։
Ավելի վաղ Կրեմլը չէր բացառել գագաթնաժողովի շրջանակում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նաև խոսել էր Պուտինի, Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հնարավորության մասին։ Ռուսաստանի արտգործնախարարությունում, սակայն, նշել էին, որ նման հանդիպման կազմակերպումը գագաթնաժողովը հյուրընկալող Չինաստանի իրավասությունն է։
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է նաև դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Կրեմլը դեռևս չի հայտնել՝ արդյոք Ռուսաստանի նախագահը կմասնակցի՞ միջոցառմանը։
