85 000 լիտր ջրով լցված ավազան, 45 տոննա լրացուցիչ սարքավորում և մի հին ճամպրուկ, որը բացելուց հետո ընտանեկան հանդիպումը վերածվում է կրկեսային ճանապարհորդության՝ դեպի «Ֆոնտանիայի» կախարդական աշխարհ։
«Չնայած ամենին՝ անհնարինը հնարավոր է։ Մենք ցանկանում էինք զարմացնել հանդիսատեսին և նրան տեղափոխել ջրային տարերքի աշխարհ՝ այդ ամենը ներկայացնելով «Տաշիր Արենա»-ում։ Վստահ եմ՝ հանդիսատեսը կզարմանա»,- պատմել է «Տաշիր Արենա» նախագծի հիմնադիր Տաթևիկ Կարապետյանը։
«Ֆոնտանիա» ջրային շոուի պրեմիերայով «Տաշիր Արենա»-ն բացեց աշնանային կրկեսային շրջանը։ Պատմությունը հանդիսատեսին տեղափոխում է հայկական հորինված գյուղ, որտեղ իրականությունն ու կրկեսային հեքիաթը միահյուսվում են։
Ջուրը, ակրոբատիկան, երաժշտությունն ու ընտանեկան հուզիչ պատմությունը մեկ բեմում միավորելու համար ստեղծագործական մտահղացումը պետք է հանդիպեր տեխնիկական մեծ հնարավորությունների, բարդ և հետաքրքիր լուծումների։ Եվ երբ այդ երկուսը միավորվում են, բյուջեի հարցը դառնում է երկրորդական, իսկ առաջնային՝ տարածաշրջանում բացառիկ շոու ստեղծելու ձգտումը։
Բայց ցանկացած շոուի գլխավոր գնահատականը տալիս է հանդիսատեսը։ Մեծահասակները նկատում են մանրուքները, իսկ երեխաները պարզապես հավատում են հրաշքին։
Մեծահասակների համար «Ֆոնտանիա»-ն մի քանի ժամով մանկություն վերադառնալու և կրկին հրաշքին հավատալու առիթ է։
Երկու ժամ տևող «Ֆոնտանիան» ավարտվում է, լույսերը մարում են, բայց հեքիաթից վերադառնալ հանդիսատեսը կարծես չի շտապում։
Մանրամասները՝ տեսանյութում։
