Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ Թուրքիայի հետ տարաձայնությունների ֆոնին, գրում է Коммерсантъ թերթը։
Պարբերականը նրա բացակայությունը գնահատում է որպես քաղաքական ազդակ, մինչդեռ նախագահի մամուլի ծառայությունը որոշումը բացատրել է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։
Գագաթնաժողովն անցկացվել էր հոկտեմբերի 29-30-ը։ Ադրբեջանը ներկայացրել էր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հենց այս հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահությունը Բաքվից փոխանցվել էր Անկարային։
Թերթի տվյալներով՝ լարվածությունն աճել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների սահմանումից և հիջաբ կրող աշակերտուհիներին դասերին չթույլատրելու մասին հաղորդումներից հետո։ Թուրք քաղաքական գործիչները քննադատել էին սահմանափակումները։ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել մի շարք թուրք լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ՝ կրոնական ատելություն հրահրելու կասկածանքով։
Տարաձայնությունների մյուս առարկան Բաքվի հարաբերություններն են Իսրայելի հետ։ Սեպտեմբերին Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները լքել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել էր։ Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ թուրքական լրատվամիջոցները քննադատել էին այդ քայլը։
Վեճի ֆոնին Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, ուղղակիորեն չնշելով Թուրքիային, հայտարարել էր, որ անընդունելի է մուսուլմանական պետությունների միջամտությունը միմյանց ներքին գործերին։
Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում անձամբ Ալիևին հրավիրել էր գագաթնաժողովին, սակայն վերջինս չէր մեկնել Անկարա։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը թերթին տված մեկնաբանությունում որոշումը գնահատել է որպես նույնիսկ ամենամերձավոր դաշնակցի հետ հարաբերություններում ինքնուրույն դիրքորոշումը պաշտպանելու Բաքվի ձգտման դրսևորում։
Ալիևի բացակայության մեկ այլ բացատրություն է ներկայացրել թուրք լրագրող Դենիզ Զեյրեքը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնականներին։ Նրա փոխանցմամբ՝ որոշումը պատասխան քայլ էր, երբ Էրդողան չէր մասնակցել Բաքվում կայացած հանդիպմանը։ Փոխադարձության սկզբունքով Անկարա էր մեկնել արտգործնախարարը։ Նույն հիմնավորումն էր ներկայացրել նաև ադրբեջանական լրատվական գործակալությունը։ Այս բացատրությունը տարբերվում է աշխատանքային ծանրաբեռնվածության մասին պաշտոնական վարկածից։
Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը, որը հրապարակավ քննադատել էր Ադրբեջանում դպրոցական հագուստի սահմանափակումները, հոկտեմբերի 25-ին հեռացել էր պաշտոնից։ Նրա հեռանալու հանգամանքների վերաբերյալ աղբյուրների ձևակերպումները տարբեր են․ Коммерсантъ-ը գրում է հրաժարականի, իսկ մյուսները՝ Էրդողանի կողմից պաշտոնից ազատելու մասին։ Պաշտոնից հեռանալու և Բաքվի հետ տարաձայնությունների միջև անմիջական կապը հաստատված չէ։
