ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում հնարավոր ահաբեկչության սպառնալիքի մասին է նախազգուշացրել

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանի մայրաքաղաքի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում հոկտեմբերի 31-ին հնարավոր միջադեպի մասին, որը կարող է բազմաթիվ զոհերի պատճառ դառնալ։ Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը հավաստի է։

Նախազգուշացման մեջ նշված է նաև թանգարան-արգելոցի հասցեն՝ Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, Դոլսկայա փողոց, 1-ին շենք, 115569։

Դեսպանատան փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը ստեղծված իրավիճակին արձագանքելու միջոցառումները համակարգում է Ռուսաստանի համապատասխան պետական մարմինների հետ։

Դեսպանատունը հորդորել է հոկտեմբերի 31-ին չայցելել «Ցարիցինո» թանգարան-արգելոց և չմոտենալ այդ տարածքին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել զգոն լինել, խուսափել մարդկանց կուտակումներից և հետևել շրջակա միջավայրին։

Նախազգուշացման համաձայն՝ անհրաժեշտ է նաև վերանայել անձնական անվտանգության ծրագիրը, հեռախոսը լիցքավորված պահել՝ արտակարգ իրավիճակում դրանից օգտվելու համար, ինչպես նաև ունենալ անձը հաստատող փաստաթղթեր։

Լրացուցիչ տեղեկությունների համար դեսպանատունը խորհուրդ է տվել հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին։ Առողջության և անվտանգության վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար առաջարկվել է գրանցվել Smart Traveler Enrollment Program (STEP) ծրագրում՝ հետևյալ հասցեով։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ԱԴԾ-ն, հաստատել է, որ ամերիկյան կողմից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին։ «Ցարիցինո» թանգարան-արգելոցը ժամանակավորապես փակ է։

Leave a Comment