
Panorama.am-ը գրում է․
Խաղողի մթերումների գործընթացում խնդիրներ են առաջացել։ Դրանք լուծելու համար առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ ու նոր վարկային միջոցներ ներգրավվել։
Այդ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով սահմանված է, որ խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը, մինչդեռ այս տարվա խաղողի մթերումների ընթացքը ցույց է տալիս, որ մեծ թվով խաղողագործներ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզի խաղողագործների գերակշռող մեծամասնությունը չունեն բերքի մթերման պայմանագրեր։
Մթերող տնտեսավարողները պատրաստակամ են այդ խաղողագործների հետ կնքելու բերքի մթերման պայմանագրեր և մթերել լրացուցիչ քանակությամբ խաղող, սակայն ձեռք բերված խաղողի արժեքը վճարելու համար ցանկանում են ծրագրի շրջանակներում ներգրավել լրացուցիչ վարկային միջոցներ։
Հրապարակված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի շուրջ 2000 տոննա խաղողի մթերման խնդիրը հնարվոր է լուծել այն կոնյակի սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով, իսկ կոնյակի սպիրտի արտադրության նպատակով այս պահին խաղողի մթերման ձևավորված գինը կազմում է շուրջ 135 դրամ։
Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի խաղողի մթերումների նպատակով 2026 թվականին տրամադրվող վարկի չափը կհաշվարկվի այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կլուծվի ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացում, այդ թվում Վայոց ձորի մարզում առաջացած խնդիրը և կմթերվի մթերման ենթակա խաղողի ամբողջ բերքը։
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ վարկերի ներգրավման չափը գնահատվում է շուրջ 270 մլն դրամ։ Կառավարությունում կարծում են, որ ծրագրի գծով էական պարտավորություններ չի առաջացնի և դրանք կկատարվեն Էկոնոմիկայի նախարարության 2027 թվականի բյուջեով և 2027-2029 թվականների ՄԺԾԾ-ով հաշվարկված գումարների շրջանակներում։
Ներգրավվող վարկի չափը հաշվարկվել է, այն նկատառումից ելնելով, որ Վայոց ձորի մարզում առկա մթերման համար խնդրահարույց շուրջ 2000 տոննա Արենի տեսակի խաղողի մթերման համար տնտեսավարողները կներգրավեն շուրջ շուրջ 270 մլն դրամ (2000 տոննաX135 դրամ)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: