ՅՈՒՆԵՍԿՕ-ում նշել են Աճառյանի և Հանրապետության հրապարակի հոբելյանները – armeniatoday.am

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, հոկտեմբերի 28–29-ին անցել են լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի առաջիկա 100-ամյակին նվիրված միջոցառումներ, հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ծրագրում ընդգրկված էին գիտաժողով, լուսանկարների ցուցահանդես, ազգային տարազների ցուցադրություն և համերգ։

«Կյանքը գիտություն. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովում քննարկվել են լեզվաբանի գիտական ժառանգությունը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա ավանդը։ Գիտաժողովին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ և հայագիտության ոլորտի մասնագետներ։

«Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» ցուցահանդեսում ներկայացվել է Հանրապետության հրապարակի պատմությունն արտացոլող շուրջ 40 արխիվային լուսանկար։ Դրանք ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, «Արմենպրես» լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից։

Հրապարակի պատմությունը լրացրել է «Տերյան» մշակույթի կենտրոնի տարազների ցուցադրությունը։ Նախարարության տվյալներով՝ ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 2-ը։

Միջոցառումների շարքն ավարտվել է հոկտեմբերի 29-ին՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյանի տրիոյի համատեղ համերգով։ Հնչել են հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։

Միջոցառումներն անցել են Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական ծրագրի շրջանակում։ Դրանք կազմակերպել են ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությամբ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու հոբելյանական ամսաթվերն էլ ընդգրկել է 2026–2027 թվականների օրացույցում՝ Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի՝ 2025 թվականի որոշմամբ։ Աճառյանը ծնվել է 1876 թվականին, իսկ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկը թվագրվում է 1927 թվականով, և դրա 100-ամյակը կլրանա հաջորդ տարի։

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ընդգրկել էր հայկական մշակույթին առնչվող այլ հոբելյաններ ևս։ 2023 թվականին կազմակերպությունը հավանություն էր տվել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակները 2024–2025 թվականների օրացույցում ընդգրկելուն։

Leave a Comment