Ֆրանսիայում ամենամյա գրական նոր մրցանակ է սահմանվել։ Prix Pascal-ը տրվելու է մարդու և արհեստական բանականության համագործակցությամբ գրված լավագույն ստեղծագործության հեղինակին։ Հիմնադիրները կարծում են, որ այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ է բացում գրականության ոլորտում։ Բայց գրական աշխարհում թեժանում են քննարկումները հեղինակային իրավունքի և մարդու ստեղծագործական մտքի հետընթացի վերաբերյալ։
Prix Pascal մրցանակի հիմնադիրները դրամական պարգև են սահմանել արհեստական բանականությամբ գրված լավագույն գրական ստեղծագործության հեղինակին։
Մրցանակը կոչվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալի անունով։ Նա է ստեղծել առաջին մեխանիկական հաշվիչ մեքենաներից մեկը։
Մրցանակաբաշխությունը որոշակի պայմաններ ունի, որոնց մասին տեղեկացրել են կազմակերպիչները․
«Մրցույթին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած երկրից հեղինակներ, եթե նրանց ստեղծագործությունները գրված են ֆրանսերեն, նախկինում չեն հրապարակվել և անդրադառնում են սոցիալական, էթիկական կամ բնապահպանական խնդիրների լուծմանը»։
Մրցանակաբաշխության կազմակերպիչները հեղինակներին հորդորում են օգտվել արհեստական բանականության գործիքներից և չսահմանափակվել ավանդական գրական ձևաչափերով։
«Դուք կարող եք հրաժարվել էջերի ընդունված հերթականությունից, վերացնել հեղինակի և ընթերցողի միջև եղած սահմանները կամ ստեղծել գրականության նոր ձևեր»։
Չնայած արհեստական բանականության կիրառման խրախուսանքին, մրցանակի հեղինակները կարևորում են հենց մարդու դերը ստեղծագործական գործընթացում։ Ժյուրին գնահատելու է ոչ միայն վերջնական արդյունքը, այլև հեղինակի ընտրած ձևը, նրա սահմանած կանոններն ու այն, թե ինչպես է նա կազմակերպել աշխատանքը ԱԲ-ի հետ։
Հայտարարվում է, որ մրցանակի հիմնական նպատակը գրականությունը ժամանակակից ընթերցողին ավելի հասանելի դարձնելն է։ Կազմակերպիչներն ընդգծում են, որ գրելու հմտությունները հաճախ կախված են մարդու կրթությունից, ազատ ժամանակից և առողջական վիճակից։ Նրանց համոզմամբ՝ արհեստական բանականությունը կարող է օգնել ստեղծագործելու նույնիսկ նրանց, ովքեր նախկինում նման փորձ չեն ունեցել։
Այս պահին գրականության մեջ արհեստական բանականության կիրառման և մարդու հեղինակային դերի շուրջ ակտիվ բանավեճեր են ծավալվում։
Կանադական Les Éditions du Boréal հրատարակչությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը գրողներից մեկի հետ։
«Մենք դադարեցնում ենք համագործակցությունը Տելիսոն Օրելյենի հետ, քանի որ կորցրել ենք նրա նկատմամբ վստահությունը։ Վեպի աշխատանքային որոշ ֆայլերի մետատվյալներում հայտնաբերվել են արհեստական բանականության օգտագործման հետքեր, թեև հստակ հայտնի չէ, թե որքանով է այն կիրառվել գրքի ստեղծման ընթացքում։ Հեղինակը բազմիցս հավաստիացրել էր մեզ, որ չի օգտվել արհեստական բանականությունից»։
Նման քննարկումներ են ծավալվում նաև Ռուսաստանում՝ Մաքսիմ Պրիվեզենցևի «Սախալինի փարոսները» վեպի շուրջ։ Օրերս այդ գիրքն արժանացել է «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակաբաշխության «Ընթերցողների ընտրություն» հատուկ մրցանակին՝ բաց քվեարկությամբ ստանալով ձայների 55 տոկոսը։
Այս թեմայով բանավիճում են ոչ միայն գրաքննադատները։ Սսոցիալական ցանցերում ընթերցողները գրել են, որ վեպը կարող էր գրված լինել արհեստական բանականության օգնությամբ։ Նրանց կարծիքով՝ դրա մասին են վկայում հաճախ հանդիպող խոսքային միանման ձևակերպումներն ու ոճական առանձնահատկությունները։
Այդ քննադատություններին Մաքսիմ Պրիվեզենցևն այսպես է պատասխանել․ «Վեպն անցել է գրական խմբագրման մի քանի փուլ։ Պահպանվել են ձեռագրի տարբերակները, խմբագրական դիտողություններն ու նամակագրությունը։ Կարճ նախադասություններն ու կրկնվող կառուցվածքները կարող են լինել հեղինակի գիտակցված հնարքները, իսկ տեքստի սահունությունը՝ խմբագիրների աշխատանքի արդյունքը»։
Չնայած իր իսկ հերքումներին, հեղինակը նշում է, որ գրական համայնքը դեռ պետք է սովորի ապրել նոր իրականության պայմաններում, որտեղ օրեցօր աճում է արհեստական բանականության դերը։