Ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրանալ մինչև 300 000 դրամ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է 2028 թվականի հունվարի 1-ից կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների որոշ խմբերի դրույքաչափը մեկ դրույք ծանրաբեռնվածության համար 200 000-ից բարձրացնել մինչև 300 000 դրամ։ Համապատասխան կառավարության որոշման նախագիծը մշակել է նախարարությունը, այն հոկտեմբերի 29-ին տեղադրվել է e-draft.am-ում՝ հանրային քննարկման համար։

Բարձրացումը վերաբերում է 2027 թվականից սկսած ատեստավորում անցած ուսուցիչներին և միայն երկու դեպքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 300 000 դրամը մեկ դրույքի ծանրաբեռնվածության համար սահմանված դրույքաչափն է, իսկ ուսուցչի փաստացի վարձատրությունը կախված է նաև նրա ծանրաբեռնվածությունից և հավելավճարի հաշվարկման պայմաններից։ Այսինքն՝ նոր դրույքաչափի սահմանումը չի նշանակում, որ բոլոր շահառուների աշխատավարձերը նույնը կլինեն։ Միևնույն ժամանակ, նախագծից հստակ չի հասկացվում՝ հավելավճարը հաշվարկվելու է նոր՝ 300 000, թե՞ նախկին՝ 200 000 դրամ դրույքաչափի նկատմամբ։

Նոր դրույքաչափը կկիրառվի երկու դեպքում։ Առաջին դեպքում ուսուցիչը կամավոր ատեստավորման արդյունքում ստացել է 90-100% արդյունք (կարգի 76-րդ կետի 1-ին ենթակետ) և կրկին մասնակցելով ատեստավորմանը՝ համարվել է ատեստավորված։ Երկրորդ դեպքում ուսուցիչն արդեն անցել է կամավոր ատեստավորումը և դրա արդյունքով սահմանված հնգամյա ժամկետը լրացել է՝ անկախ ատեստավորմանը մասնակցելու տարեթվից։

Նախագծով առաջարկվում է կարգավորել նաև այն դեպքերը, երբ ուսուցիչն արդյունքը բարելավելու նպատակով կրկին մասնակցում է ատեստավորմանը, սակայն նախորդից ավելի ցածր արդյունք է գրանցում։ Ավելի բարձր կամ ցածր է համարվելու այն արդյունքը, որը, համապատասխանաբար, ավելի բարձր կամ ցածր հավելավճար ստանալու իրավունք է տալիս։

Նման իրավիճակում ուսուցիչը վերջին անգամ դիմած տարվա կամավոր ատեստավորման դրական արդյունքի վերաբերյալ հրամանի ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում, կարող է դիմում ներկայացնել՝ համաձայնություն տալով, որ նախկին՝ ավելի բարձր արդյունքի գործողության ժամկետը լրանալուց հետո մնացած ժամանակահատվածում իրեն վճարվի ավելի ցածր արդյունքին համապատասխան հավելավճար։

Նախագծով հստակեցվում է նաև ուսուցիչների դրույքաչափերի փոփոխության և հավելավճարների ֆինանսավորման հաշվարկման կարգը։ Հաշվարկների հիմքում կդրվեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատությունների մուտքագրած տվյալները՝ հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ։

Նախագծի քննարկումը կշարունակվի մինչև նոյեմբերի 13-ը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ կպահանջի, սակայն պետական բյուջեի եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Նախագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշում է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակներից մեկն ուսուցիչներին կրկին ատեստավորմանը մասնակցելուն խրախուսելն է։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը 2022 թվականի մայիսին հայտնել էր, որ կամավոր ատեստավորման ժամանակ 70%-ից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների դրույքաչափը կլինի 200 000 դրամ՝ 30-50% հավելավճարով։ Ատեստավորման ընթացքում 70-79% արդյունք ցուցաբերած ուսուցիչներն ստանում են 30%, 80-89% արդյունք ունեցողները՝ 40%, իսկ 90-100% արդյունք գրանցածները՝ 50% հավելավճար։ 60–69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը նույնպես բարձրացվում է մինչև 200 000 դրամ, սակայն առանց հավելավճարի։

Կամավոր ատեստավորումը քննադատության էր արժանացել նաև նախկինում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ 2022 թվականին ատեստավորման համար գրանցվել էր մասնակցելու հնարավորություն ունեցող ուսուցիչների մոտ 12%-ը, իսկ նախորդ տարի՝ մոտ 9%-ը։ Ուսուցիչները դժգոհում էին, որ թեստերը չափազանց ակադեմիական են, իսկ դրանց նախապատրաստվելու համար ստիպված են գումար ծախսել կրկնուսույցների ծառայություններից օգտվելու նպատակով։ 2025 թվականին ատեստավորմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 8628 ուսուցիչ, քննությանը մասնակցել էր 7276-ը, իսկ նախնական տվյալներով՝ 60%-ի շեմը հաղթահարել էր 4851-ը։

Ուսուցիչները բողոքի ակցիաներ էին իրականացրել նախարարության մոտ 2024 թվականի հունվարին։ 2025 թվականի նոյեմբերին ռուսաց լեզվի 205 ուսուցիչ բաց նամակ էր ուղարկել նախարարին՝ նշելով, որ թեստն ըստ հարցերի քանակի և կառուցվածքի չի համապատասխանել հրապարակված ուղեցույցին, իսկ ատեստավորման գործընթացն զգալիորեն բարդացել է։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ որոշ ուսուցիչներ բողոքարկել էին արդյունքները՝ պատճառաբանելով, որ թեստերը չեն համապատասխանում դպրոցական ծրագրերին։ Այդ պահին բողոքարկման գործընթացի քննարկումը դեռ ավարտված չէր։ Բողոքներից հետո նախարարությունը միասնականացրել էր թեստերի ձևաչափը՝ դրանց հիմքում դնելով դպրոցական դասագրքերը, ներդրել արդյունքների կլորացում՝ հօգուտ ուսուցչի, ինչպես նաև 50-59% արդյունք գրանցած ուսուցիչներին կրկին ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տվել։

 

 

 

Leave a Comment