Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Յունիսպորտը» ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլի վերջին խաղում 6։2 հաշվով հաղթել է հունական «Դուկասին» և 6 միավորով ավարտել ելույթները մրցաշարում, հայտնում է ՈՒԵՖԱ-ն։
Հանդիպումն անցկացվել է հոկտեմբերի 30-ին՝ Լյուքսեմբուրգի Օբերկորն քաղաքում։ «Յունիսպորտի» կազմում երկուական գոլ են խփել Պուտրոս Վասիլևն ու Էլիսանդրոն, մեկական՝ Միհրան Դերմենջյանն ու Գարեգին Մաշումյանը։
Հիմնական փուլում «Յունիսպորտն» անցկացրել էր երեք հանդիպում՝ գրանցելով երկու հաղթանակ և մեկ պարտություն։ Հայաստանի չեմպիոնը 0։2 հաշվով պարտվել էր լիտվական «Կաունո Ժալգիրիսին», ապա 5։3 հաշվով հաղթել Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժին»։
Խմբի մյուս խաղում «Կաունո Ժալգիրիսը» 7։4 հաշվով հաղթել է «Դիֆերդանժին»։ Լիտվական ակումբը 7 միավորով զբաղեցրել է առաջին տեղը և դուրս եկել հաջորդ փուլ, իսկ 6 միավոր վաստակած «Յունիսպորտն» ավարտել է ելույթները մրցաշարում։
«Յունիսպորտը» հիմնական փուլի ուղեգիր էր նվաճել օգոստոսին՝ հաղթահարելով որակավորման փուլը։
