Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել անձրևների հետևանքով – armeniatoday.am

Հոկտեմբերի 30-ին հորդառատ անձրևների հետևանքով Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում ջրալցումներ են եղել, հայտնել է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկարար ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ջրալցումների վերաբերյալ ահազանգեր են ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի վայրեր են մեկնել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մոտոպոմպերի միջոցով տարբեր հասցեներում ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել՝ հեռացնելով ընդհանուր շուրջ 27 տոննա ջուր։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 30-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են անձրևներ, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ըստ կանխատեսման՝ հոկտեմբերի 31-ի ցերեկը և նոյեմբերի 1-3-ը տեղումներ չեն սպասվում։

Leave a Comment