Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնարարել է ստուգել նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ վերջին հայտարարությունները և ուսումնասիրել դրանցում ներկայացված տեղեկությունները։ Փաշինյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Նախորդ օրը տեսա, որ Ջհանգիրյանը հայտարարություններ է արել։ Ում հանձնարարություն տալու իրավասություն ունեմ, հանձնարարական եմ տվել, որ այդ հայտարարությամբ հիշատակված փաստերի հետևից պետք է գնալ և պարզել՝ ինչն ինչոց է»,- ասել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 27-րդ տարելիցին՝ հոկտեմբերի 27-ին, Ջհանգիրյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նախապես տեղեկություններ է ունեցել գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի՝ Ազգային ժողով մտնելու և իշխանությունը զավթելու մտադրության մասին։
Նախկին զինդատախազի խոսքով՝ անվտանգության մարմինների աշխատակից Մելքոն Մելքոնյանը ներկա է գտնվել Էդիկ Գրիգորյանի ծննդյան միջոցառմանը, որի ընթացքում Հունանյանը հայտարարել է, որ «պատրաստվում են մտնել Ազգային ժողով, կրակել և վերցնել իշխանությունը»։
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մելքոնյանը զեկուցել է իր ղեկավարությանը»,- պատմել է Ջհանգիրյանը։
Նա նաև ուշադրություն էր հրավիրել ահաբեկչությունից հետո Հունանյանի և նրա խմբի անդամների հեռախոսազանգերի վրա։ Ջհանգիրյանի խոսքով՝ դեպքի առաջին 15-20 րոպեների ընթացքում նրանք զանգահարել էին տարբեր քաղաքական գործիչների, ինչի վերաբերյալ անվտանգության մարմինները տեղեկություններ են ունեցել։
Ջհանգիրյանը կասկածի տակ է դրել նաև այն հանգամանքը, որ ցմահ ազատազրկման դատապարտված Հունանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք չի հայտնաբերվել։ Նա ենթադրել է, որ Հունանյանի և խմբի մյուս անդամների բողոքներում կարող էին տեղեկություններ լինել հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հունանյանի և այդ ժամանակ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի մասնակցությամբ բանակցությունների ու դրանց ընթացքում հնարավոր տրված երաշխիքների մասին։
Նախկին զինդատախազը չէր բացառել, որ այդ բողոքները կարող են գտնվել ԱԱԾ պաշտոնյաներից մեկի մոտ։ Նա առաջարկել է գլխավոր դատախազին հանձնարարել ԱԱԾ-ին գտնել փաստաթղթերը և դրանց բովանդակությունը դարձնել քննության առարկա։
Ջհանգիրյանը նաև առաջարկել է գործող նախաքննության ընթացքում օգտագործել իր ղեկավարած նախկին քննչական խմբի անդամների փորձը։ Նրա գնահատմամբ՝ գործով վերջին շրջանում արդյունքների բացակայության պատճառներից մեկն այն է, որ գործող քննիչները չեն կարողացել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժել էր Ազգային ժողովի նիստերի դահլիճ և կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Ահաբեկչության հետևանքով սպանվել էր ութ պետական գործիչ, այդ թվում՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Հունանյանին և խմբի ևս հինգ անդամի դատապարտել էր ցմահ ազատազրկման։
Ահաբեկչության գործից 2004 թվականի հուլիսի 11-ին անջատվել էր առանձին քրեական գործ, որի վարույթը նույն թվականի նոյեմբերի 11-ին կարճվել էր։ Դատախազությունը 2019-ի դեկտեմբերին վերսկսել էր գործի քննությունը՝ բավարարելով ահաբեկչության զոհ, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի բողոքը։
Գլխավոր դատախազը 2024 թվականի փետրվարի 14-ին գործով նախաքննության շարունակությունը հանձնարարել էր Քննչական կոմիտեին։ 2026-ի հոկտեմբերի 27-ին դատախազությունը հայտնել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով գաղտնի քննչական գործողություններ են կատարվում։
