Ալիևը չի մասնակցի Թուրքիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Ալիևը չի մասնակցի Թուրքիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 29-30-ը Թուրքիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին չի մասնակցի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է ադրբեջանական Report գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին Ալիևը կմասնակցի Բաքվում առաջին անգամ անցկացվող ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչների մրցանակաբաշխությանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառմանը նախագահի մասնակցությունը նախապես էր ծրագրված։

Գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցեն նաև գագաթնաժողովի շրջանակում նախատեսված մյուս միջոցառումներին։

Վերջին շրջանում Բաքվի և Անկարայի հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել պետական դպրոցների աշակերտների արտաքին տեսքը կարգավորող կանոններում՝ արգելելով միասնական համազգեստի չափանիշներին կամ կրթության աշխարհիկ բնույթին չհամապատասխանող հագուստի տարրերը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment