Դատարանը կալանավորել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին, իսկ հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այվազյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, իսկ Մինասյանին՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Երկուսն էլ նախ ձերբակալվել էին, որից հետո դատարանը նրանց նկատմամբ կիրառել է խափանման միջոցներ։
«Մինասյանը ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով, իսկ Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով»,- մանրամասնել է խոսնակը։
Ենթադրյալ կաշառքի գործի շրջանակում ևս երկու մարդ է ձերբակալվել։ Օհանջանյանը չի մանրամասնել նրանց կարգավիճակը, ինչպես նաև այն, թե ինչի դիմաց է ենթադրաբար տրվել կաշառքը, որքան է գումարը և երբ են ձերբակալվել մեղադրյալները։
Վարդան Այվազյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Նա ԵՊՀ-ում աշխատում է 1997 թվականից, իսկ սահմանադրական իրավունքի ամբիոնը ղեկավարում է 2018 թվականից։ Դասավանդում է ՀՀ սահմանադրական իրավունք և մարդու իրավունքներ։
Մինասյանը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի եղբայրն է։ Մեկ այլ գործով նա մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա քաղաքացու ընդունելություը ԵՊՀ ապահովելու համար նրա ազգականից սկզբում պահանջել է 5000, ապա՝ 4000 դոլար կաշառք։ Նրան տնային կալանքից ազատ էին արձակել սեպտեմբերին։
Մինասյանն այն 70 պատմաբանի թվում էր, որոնք «անպտուղ» էին անվանել 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումները և հայտարարել, որ հրաժարվում են հարցի հետագա քննարկումից։
