ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մշակված՝ ընտանեկան բռնության համար պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փաթեթը։ Կողմ է քվեարկել 62, դեմ՝ 1 պատգամավոր, 33-ը ձեռնպահ է մնացել։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները քննադատել են նախագիծը՝ հայտարարելով, որ բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը չեն վիճարկում, սակայն առաջարկվող միջոցները բավարար հիմնավորված չեն համարում։

Ինչու է ընդդիմությունը քննադատում նախագիծը

Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցը քաղաքականացվել է և վերածվել Աննա Հակոբյանի անձնական քարոզարշավի։

Նրանք նաև պնդել են, որ նախագիծը կենտրոնանում է պատիժների խստացման վրա՝ առանց լուծելու բռնության կանխարգելման և գործող օրենսդրության կիրառման խնդիրները։

Պատգամավորների խոսքով՝ պատժի կանխարգելիչ ազդեցությունը պայմանավորված է ոչ այնքան դրա խստությամբ, որքան անխուսափելիությամբ և արագությամբ։

Ընդդիմությունը մատնանշել է նաև նախագծում իրավական նորմերի կրկնությունները, գործող մեխանիզմների արդյունավետության գնահատման բացակայությունը և փաթեթի մշակման շտապողականությունը։ Պատգամավորներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագծի որոշ դրույթներ նախատեսվում է ուժի մեջ մտցնել միայն 2028 թվականին։

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն առաջարկել են վերամշակել նախագիծը մասնագետների ներգրավմամբ, գնահատել գործող օրենքի կիրառման արդյունքները և առաջնահերթություն տալ բռնության կանխարգելմանը, տուժածների պաշտպանությանը և հասարակության վարքագծի փոփոխությանը։

Ինչպես է իշխող ուժը հիմնավորում փոփոխությունները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում պնդում են, որ պատասխանատվության խստացումն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունից տուժածների պաշտպանության համար, քանի որ գործող նախազգուշացումները բավարար արդյունավետ չեն։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականին նախազգուշացումից հետո բռնությունը կրկնվել է 93, իսկ անհետաձգելի միջամտության որոշումից հետո՝ 316 դեպքում։

Իշխող ուժի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այս ցուցանիշները վկայում են գործող միջոցների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին։

Leave a Comment