Մեծամորում հայտնաբերվել են ոսկյա զարդեր և լճաշենյան տիպի դաշույն – armeniatoday.am

Մեծամոր հնավայրում շարունակվում են դամբարանի պեղումները, որտեղ հնագետները հայտնաբերել են ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների գտածոներ, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Գտածոների թվում են ոսկյա ականջօղեր և կոճակ, մ.թ.ա. 27-մ.թ. 14 թվականներին իշխած հռոմեական կայսր Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն և այլ մետաղական առարկաների բեկորներ։

Կառզմակերպության տվյալներով՝ երկու տարի առաջ մեկնարկած պեղումները 2026 թվականին շարունակվել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից՝ մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Ուսումնասիրվող կառույցը տուֆից և բազալտից շարված դամբարանախուց է՝ շրջապատված մոտ 20 մետր տրամագծով կրոմլեխով։ Կենտրոնում գտնվում է նույն քարատեսակներից կառուցված խոշոր քարարկղային դամբարան, որի ներքին չափերն են մոտ 6×4 մետր։

Դամբարանի վերին շերտում դեռ նախորդ տարիների պեղումների ժամանակ բացահայտվել էր անտիկ շրջանի թաղում՝ հարուստ ուղեկցող գույքով, այդ թվում՝ մ.թ. I դարով թվագրվող ոսկյա զարդերով և մետաղադրամով։

Այս տարվա պեղումների ընթացքում հնագետները բացահայտել են երկաթի դարի թաղում՝ մեկ անհատի աճյունով, ուղեկցող գույքով և զգալի քանակությամբ խեցեղենով։

Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում բացահայտվել է հիմնական թաղումը, որը նախնական թվագրմամբ վերաբերում է ուշ բրոնզի դարին՝ մ.թ.ա. XIV-XIII դարերին։ Այստեղ հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, խեցեղենի բազմաթիվ բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն, գոտու բեկորներ, բրոնզե իրերի բեկորներ և բոժոժաձև կախիկներ։ Նման դաշույններն անվանվում են Սևանի ափին գտնվող Լճաշենի դամբարանադաշտի անունով, որտեղ հայտնաբերվել են ուշ բրոնզի դարի հարուստ թաղումներ։

Մասնագետների գնահատմամբ՝ գտածոների բազմազանությունը և շերտերի հաջորդականությունը վկայում են, որ դամբարանային կառույցը երկար ժամանակ օգտագործվել է տարբեր պատմական դարաշրջաններում։

Մեծամորը Հայաստանի նշանակալի հնավայրերից է և գտնվում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի մոտ։ Այստեղ պեղումները համակարգված իրականացվում են 1965 թվականից։ Հնագույն բնակավայրի տարածքում հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի մշակութային շերտեր, ինչպես նաև մետաղագործական արտադրության հետքեր։

Leave a Comment