Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ձմռանը պատշաճ չի նախապատրաստվել, և իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է պետական տարբեր կառույցների ներգրավումը։ Նա կրկին քննադատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
«Ես շատ կուզենայի, որ քաղաքապետն ամեն ինչ ինքնուրույն աներ, բայց նա չի կարող։ Համատեղ աշխատելն էլ դժվար է, քանի որ երբ քննարկում ենք Կիևի պաշտպանությունն ուժեղացնելու հարցերը, քաղաքապետի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ մեկը ցանկանում է իրեն փոխարինել»,– լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Կիևը լուրջ խնդիրների է բախվում ռուսական հարվածների պատճառով, սակայն, նրա խոսքով, Խարկովը շատ ավելի լավ է պատրաստվել դրանց դիմակայելուն։
Զելենսկին նաև հայտնել է, որ մի շարք մասնագետների առաջարկել է գլխավորել Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը, սակայն նրանք հրաժարվել են։ Նախագահի խոսքով՝ նա վարչապետին խնդրել է Կիևի համար ձևավորել հատուկ աշխատանքային խումբ՝ գործարարներից և այլ փորձառու մասնագետներից։
