Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել են ՀՀ դատախազությունից։ Գերատեսչությունից հավելել են, որ երկու անձին մեղադրանքներ են առաջադրվել նույն քրեական վարույթի շրջանակում։
Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության համար՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (նախատեսված է մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում)։
Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով շորթման համար՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (նախատեսված է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում)։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր մամուլում Նալբանդյանի՝ իր ընտանիքի հետ հնարավոր կապերի վերաբերյալ հրապարակումներին։ Վարչապետը հայտնել էր, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է ստուգել այդ տեղեկությունները և, անհրաժեշտության դեպքում, վարույթներ նախաձեռնել։ Ավելի ուշ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Սպայկա»-ն և նրան փոխկապակցված կազմակերպությունները 2022 թվականի դեկտեմբերին պետբյուջե էին վերականգնել շուրջ 8,5 մլրդ դրամ։
