Իլհամ Ալիևը Հայաստանում ունի իր իշխանությունը, իր կառավարությունը. փաստորեն և հիմա ցանկանում է ունենալ նաև իր ընդդիմությունը, ես այսպես եմ գնահատում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանին պետք է պետականակենտրոն ընդդիմություն։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե չհաջողվի ընդդիմության համոզել նոր սահմանադրության ընդունման հարցում, ապա չի բացառվում, որ գնան արտահերթ ընտրությունների, Լևոն Քոչարյանն ասաց.
«Եթե ուզում է արտահերթ ընտրություններ ունենալ, դրա համար պետք է ինքը հրաժարական տա. երկու անգամ Ազգային ժողովը չընտրի նոր վարչապետ, որից հետո կլինեն արտահերթ ընտրություններ։ Ուզո՞ւմ է արտահերթ ընտրություն, ուրեմն պետք է հրաժարական տա, ես ուրիշ ավելացնելու բան այստեղ չունեմ»։
Իսկ թե ինչպես է գնահատում իրենց շանսերը արտահերթ ընտրություններում, Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզում որևէ շանս գնահատել, որովհետև չկա նման գործընթաց այս պահին։ Ինչ-որ մի բան է, ասել է, եթե դրանք կհետևեն գործողություններ, մենք գիտենք՝ մեր գործողությունները ինչ են լինելու»։
Լևոն Քոչարյանը միաժամանակ բացառեց, որ իրենք որևէ պարագայում կողմ քվեարկեն իշխանության բերած նոր սահմանադրությանը։
«Մենք չենք քվեարկելու մի սահմանադրության համար, որը բերվում է արտաքին պահանջով՝ Ադրբեջանի պահանջով։ Սա, ինչպես գիտեք, նախապայման է, և մեզ համար դա անընդունելի է։ Մենք նաև մեր նախընտրական խոստումների, սկզբունքների շարքում այս ամեն ինչի մասին խոսել ենք, ստացել ենք քվե։
Ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ Սահմանադրությունը, կարելի է փոխել, ավելի լավը դարձնել, բայց ոչ այն կոնտեքստում, որով այն հիմա փորձ է արվում իրականացնել;
Մենք նաև դեմ ենք եղել 2015-ի սահմանադրական բարեփոխումներին։ Սրա մասին բարձրաձայնել ենք, բայց այն, ինչ հիմա արվում է, սա չի արվում ինչ-որ բան լավացնելու համար. սա Ադրբեջանի նախապայմանն է։ Ես չեմ ուզում Ադրբեջանի նախապայմանով իմ երկրում փոխել Սահմանադրությունը։ Եթե այդ հարցը չլինի, մնացած կոնտեքստում ամեն ինչ էլ մեծ հաշվով կարելի է քննարկել»,-ասաց նա։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արտահերթ ընտրությունների գնալը ձեռնտո՞ւ է ընդդիմությանը, թե ոչ, ինչին Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Ես հիմա ընդհանրապես չեմ քննարկելու արտահերթ ընտրությունները։ Եթե կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարական և արտահերթ ընտրությունների գործընթաց, այն ժամանակ ավելի կոնկրետ կխոսենք: Մենք ունենք մեր պատկերացումները, մեր մոտեցումները, մեր գործողությունների հերթականությունը, բայց այս պահին նպատակահարմար չեմ համարում դրա մասին խոսել»։