Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը քննադատել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գրառումը, որտեղ նա անդրադարձել էր «Ուժեղ Հայաստան» կուսկացության հովանավորությամբ կազմակերպված համերգին՝ Գյումրիի օրվա առթիվ։ Նրա գրառմամնն անդրադարձել է դեսպանատունը՝ հայտարարությամբ։
Դիվանագիտական ներկայացուցչության գնահատմամբ՝ այդ ձևակերպումը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի շրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։
Դեսպանատունը նշել է, որ գրառումը Առուշանյանի Facebook-ի էջում հայտնվել էր հոկտեմբերի 17-ին։ Դեսպանությունը մտահոգություն է հայտնել, որ մարզի ղեկավարի հրապարակային հայտարարությունները կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ։
«Չէինք ցանկանա մտածել, որ պաշտոնատար անձը, որը ղեկավարում է մի մարզ, որտեղ ծառայություն են իրականացնում 102-րդ ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտություններ, որոնք կարող են ռուսների նկատմամբ ազգային թշնամանք հրահրել»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ դեսպանատնից շեշտել են, որ նման հռետորաբանությունը կհակասեր Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն։
Առուշանյանի գրառումը կապված էր հոկտեմբերի 17-ին Գյումրու օրվա տոնակատարության հետ․ քաղաքի օրվա համերգը հովանավորել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Մարզպետը քննադատել էր քաղաքական միջոցառումը և գրել․ «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր «Իվանները»»։
Կուսակցությունը և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանն այդ օրը դիմել էին քաղաքի բնակիչներին՝ հայտարարելով, որ Գյումրին պետք է զարգացնի տնտեսությունը, ստեղծի բարձր վարձատրվող աշխատատեղեր և երիտասարդներին հնարավորություն տա իրենց ապագան կառուցել հայրենի քաղաքում։
Դեսպանատան հայտարարությունը հնչել է հայ-ռուսական հարաբերություններում սրման նոր փուլի ֆոնին, որը սկսվել է ԵԱՏՄ երկրների զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցը, որում գնահատվում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր տնտեսական հետևանքները, հրապարակվել էր հոկտեմբերի 20-ին։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 27-ին նշել էր, որ զեկույցի հիմքում «քաղաքական մղում» է տեսնում։
