«Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ռազմաքաղաքական վերլուծություն» (Military-Political Analytics) առցանց պարբերականում յոթ տարի առաջ հրապարակված վերլուծությունը լույս է սփռում Հայաստանի ներկայիս վիճակի պատճառների վրա, գրում է eadaily.com–ը։ Դեռ այն ժամանակ հեղինակները մատնանշում էին արևմտյան հիմնադրամների և ՀԿ-ների ցանցի կործանարար դերը։  

«ՀԿ-ները Հայաստանում. ժողովրդավարության «ավետաբերներ» և «արտաքին կառավարման գործիքներ» վերնագրով զեկույցը սկսվում է այն պնդմամբ, որ 2018 թվականի իրադարձությունները ոչ թե տարերային բռնկում էին, այլ օտարերկրյա ազդեցության ընդարձակ ենթակառուցվածքի երկարատև և նպատակաուղղված ջանքերի արդյունք։ Հեղինակները հետադարձ հայացքով վերլուծություն են կատարում՝ սկսած հետխորհրդային շրջանից, երբ սոցիալ-տնտեսական ճգնաժամի և գաղափարական վակուումի պայմաններում երկրում սկսեցին ակտիվորեն գործել արևմտյան հիմնադրամները։

Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվում Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամին» (Open Society Foundations), որը հեղինակները բնորոշում են որպես հայկական ՀԿ-ների ֆինանսավորման համակարգի առանցքային օղակ։ Նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Սորոսը բացահայտորեն ողջունեց նոր կառավարությանը: Նրա հիմնադրամը «հովանոցային» կազմակերպությունների ցանցի միջոցով (ինչպիսիք են «Բաց հասարակության հիմնադրամը» և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը») համակարգում է ավելի քան 60 ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը՝ սկսած լրագրողական միություններից մինչև մարդու իրավունքների կենտրոններ։ Հեղինակներն ընդգծում են, որ ՀԿ-ների միջոցով իրականացվող ֆինանսավորումը թույլ է տալիս Արևմուտքին շրջանցել պաշտոնական պետական ​​ուղիները և ուղղակիորեն ազդել հասարակական կարծիքի, դատական ​​համակարգի և օրենսդրական գործընթացի վրա։ Որպես օրինակ նրանք նշում են ՀԿ-ների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մշակմանը, ինչը, ըստ վերլուծաբանների, հանգեցրել է «մշտական ​​վարչական քաոսի» և պետական ​​ինստիտուտների թուլացմանը։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում USAID-ին: Հիշատակվում է «Կրեմլի վնասակար ազդեցությանը հակազդելու» հայեցակարգը, որը նախատեսում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը ռուսական էներգետիկ մենաշնորհներից և դիվերսիֆիկացնել արտահանումը։ Հեղինակները դա դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք ռուս-հայկական հարաբերություններին՝ հատկապես ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը վերանայելու փորձերի համատեքստում։

Առանձին գլուխ նվիրված է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամին (NED), որը, ըստ զեկույցի, հիմնադրվել է 1983 թվականին ամբողջ աշխարհում «ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և ամրապնդելու» նպատակով։ Հայաստանում NED-ը ֆինանսավորում է մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ, իրավապաշտպան կազմակերպություններ և վերլուծական կենտրոններ։ Թվարկվում են դրամաշնորհառուները, այդ թվում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Հետաքննող լրագրողներ»-ը և այլն։ Հատկանշական է այն, որ NED-ի շահառուների ցանկում է «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։

Զեկույցի հեղինակները մատնանշում են 2018 թվականից ի վեր ի հայտ եկած նոր միտումը, այն է ապավինումը, այսպես կոչված, «անցումային արդարադատությանը»։ Վերլուծաբանները կարծում են, որ այդ հայեցակարգի նպատակը ոչ այնքան դատական ​​համակարգի բարեփոխումն է, որքան նախկին վարչակազմի ներկայացուցիչների վարկաբեկումն ու քրեական հետապնդումը։ Նշվում է, որ արևմտյան հիմնադրամները զգալի միջոցներ են հատկացնում իրավապահ համակարգի բարեփոխման վերաբերյալ «մոնիտորինգի» և «փորձագիտական ​​առաջարկությունների» համար, սակայն գործնականում դա նշանակում է արտաքին վերահսկողություն դատարաններում և դատախազությունում իրականացվող կադրային գործընթացների նկատմամբ։ Որպես օրինակներ նշվում են «Անցումային արդարադատության» կենտրոնի ֆինանսավորումը և «Դատական ​​անկախության վերականգնմանը» միտված ծրագիրը։

Զեկույցի եզրափակիչ մասում պնդվում է, որ Հայաստանում արևմտյան ՀԿ-ների գործունեությունն ուղղակի սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը։ Հեղինակներն առանձնացնում են մի քանի հիմնական ռիսկեր.

–Վարչական քաոս. արտաքին ճնշման ներքո իրականացվող մշտական ​​բարեփոխումները հանգեցնում են պետական ​​ապարատում անկայունության։

–Հասարակական պառակտում. օտար արժեքների (օրինակ գենդերային ծրագրերի և ԼԳԲՏ իրավունքների խթանման) պարտադրումը պառակտում է առաջացնում ավանդական հայ հասարակության ներսում։

–Դաշինքների թուլացում. արտաքին ֆինանսավորմամբ տարածվող հակառուսական հռետորաբանությունը խաթարում է Մոսկվայի հետ ռազմավարական կապերը: 

–Կրոնական գործոն. արևմտյան հիմնադրամների աջակցությունը վայելող կործանարար աղանդների և կեղծ կրոնական խմբավորումների ակտիվ գործունեությունը քայքայում է ազգի ավանդական հոգևոր հիմքերը։

Եզրակացություն.

Զեկույցը համակարգված վերլուծություն է ներկայացնում հետխորհրդային տարածքում գործող «փափուկ ուժի» քողարկված մեխանիզմների վերաբերյալ։ Հեղինակները եզրակացնում են, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հնարավոր է դարձել ՀԿ-ների ցանցի երկարատև ջանքերի շնորհիվ, որոնք, գործելով բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո, ծառայել են արևմտյան կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակներին։ Ռուսաստանի համար այդ զեկույցը ազդանշան է ավելի մեծ ուշադրություն դարձնելու «մերձավոր արտերկրում» տեղի ունեցող զարգացումներին և մշակելու սեփական գործիքակազմը հակազդելու կործանարար արտաքին ազդեցությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am


Leave a Comment