ՏԻՄ ընտրություններում ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ․ 5-ն ուղարկվել է նախաքննության

Հոկտեմբերի 25-ին անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ-ն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 35 ահազանգ, հայտնել է գերատեսչությունը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ ահազանգերն ստուգման փուլում են։ Առերևույթ հինգ դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Դրանցից երեքը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, ևս մեկը՝ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելուն։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ քվեարկության օրը 277 քաղաքացի դիմել և տեղեկանք է ստացել ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար, ևս 100 դիմում մերժվել է։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 172 քաղաքացի։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության զանգերի կենտրոնում ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 22 զանգ։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 14 քաղաքացու, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում՝ 230 քաղաքացու։

Leave a Comment