Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից հեռացված Զորավար Անդրանիկի պատկերը կվերականգնեն և կտեղադրեն գյուղի մշակույթի տան պատին՝ խորհրդային տարիներին Վլադիմիր Լենինի մեծադիր նկարին հատկացված հատվածում, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 24-ին՝ բնակիչների բողոքներից հետո։ Խոսքը հատուկ քարերով ստեղծված պատկերի մասին է, որը երկար տարիներ գտնվել է դպրոցի մուտքի մոտ։
Նկարի նոր տեղը կլինի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատին։ Աշխատանքներն արդեն սկսվել են․ մասնագետները նախատեսում են ամբողջությամբ վերականգնել պատկերը, ապա տեղադրել նոր վայրում։ Հարևանությամբ կառուցվում է նաև արցախյան պատերազմներում զոհված Արտենիի բնակիչների հիշատակին նվիրված հուշաղբյուր-հուշակոթող։
Նկարի ապամոնտաժումը հոկտեմբերի 23-ին դժգոհություն էր առաջացրել գյուղի բնակիչների շրջանում։ Կայքի տվյալներով՝ տեղի բնակիչներն ավելի վաղ տեղեկացել էին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) նախատեսում է դպրոցի պատից հեռացնել Զորավար Անդրանիկի պատկերը։
Գյուղացիները երկու-երեք օր հերթապահել էին դպրոցի մոտ՝ փորձելով կանխել նկարի հեռացումը, սակայն այն հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժվել էր։ Դրանից հետո որոշ բնակիչներ սպառնացել էին ճանապարհներ փակել, սակայն որոշել էին սպասել՝ պատկերի հետագա ճակատագիրը պարզելու համար։
Գյուղացիները նաև առաջարկել էին այն տեղափոխել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակի այգի։
Դպրոցներում հիշատակի անկյունների պահպանման հարցը քննարկվել էր նաև ավելի վաղ։ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին նամակ էր ուղարկել՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված «փառքի անկյունները» և դրանք փոխարինել պետական խորհրդանիշներով ու «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով։ Թերթը պնդել էր, որ նման նախաձեռնություն քննարկվել էր նաև երկու տարի առաջ, սակայն հանրային դժգոհությունից հետո դադարեցվել էր։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը և Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը հունիսին քննադատել էին զոհված հայ զինծառայողների պատկերներով մուրալների հեռացումը՝ դա որակելով հերոսների հիշատակը ջնջելու փորձ։ Հովսեփյանը հայտնել էր նաև Երևանում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և ևս երեք զինծառայողի պատկերների հեռացման մասին։
44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատկերով մուրալը ևս սեպտեմբերին հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ գտնվող պատից։ Քաղաքապետարանում ապամոնտաժումը բացատրել էին բարեկարգման աշխատանքներով։ Ավելի ուշ քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել էին զոհված զինծառայողի հոր հետ և քննարկել պատկերի վերականգնման հնարավոր ձևաչափը։
Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ պարզաբանել էր, որ մուրալների և գրաֆիտիների ստեղծման համար անհրաժեշտ է քաղաքային իշխանությունների կամ վարչական շրջանի ղեկավարության նախնական թույլտվությունը։ Առանց համապատասխան համաձայնեցման արված պատկերները ենթակա են հեռացման։
