Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից «Ականատեսն» ու «Ազատ քվեն» ամփոփել են ընտրական օրը։
«Ազատ քվե» դիտորդական առաքելությունը «Հետքին» ներկայացրել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների հիմնական դիտարկումները։ Ըստ այդմ՝ արձանագրվել են պաշտոնատար և վստահված անձանց կողմից աշխատանքին միջամտելու, ինչպես նաև ցածր իրազեկվածության հետևանքով բաց քվեարկության դեպքեր։ Մի շարք տեղամասերում եղել են դրոշմանիշների թերություններ, բաց մնացած չհրկիզվող պահարաններ և ուղիղ հեռարձակման խափանումներ։ Նկատվել են կուտակումներ և ոստիկանության ոչ պատշաճ արձագանք։
«Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Լիանա Մինասյանն էլ «Հետքի» հետ զրույցում, ներկայացնելով ընտրությունների նախնական տվյալները, նշել է. «Մենք ժամը 20։00-ի դրությամբ՝ եղել ենք տարբեր համայնքների 406 տեղամասերում, ու այդ տեղամասերում արձանագրել ենք մոտ երկու տասնյակ խախտումներ»:
Նա անդրադարձել է նաև մասնակցության ցուցանիշին․ «Մասնակցության բացարձակ մասշտաբը սովորաբար լավ արդյունք է, եթե դա ուղղորդումներով և մարդկանց կազմակերպված ընտրության տանելով չի ուղեկցվում»:
Բացի այդ, ըստ Լիանա Մինասյանի, արձանագրվել են տեղամասերի մատչելիության, դիտորդների տեսանկարահանման իրավունքի սահմանափակման, դրոշմանիշների և հեռարձակման հետ կապված մի շարք խնդիրներ ու խախտումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter