Փարիզում՝ բախումներ ու հրկիզումներ, Միլանում՝ փողոցային անկարգություններ, Մադրիդում՝ վրանային ճամբարներ, Լիսաբոնում՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով ցույցեր։ Եվրոպան անհանգիստ աշուն է ապրում։ Հոկտեմբերի 17-ին միայն Ֆրանսիայում փողոց է դուրս եկել ավելի քան 550 հազար մարդ։ Բողոքի ալիքը ստիպել է իշխանություններին նոր ցույցերից առաջ մոբիլիզացնել տասնյակ հազարավոր ոստիկանների։
Եվրոպական երկրներում «հրդեհի» տարածումը փոխհամաձայնեցված գործողությունների արդյունք չէ, սակայն նմանությունները խոսում են փոխազդեցությունների մասին։ Տասնամյակներով կայունության միջնաբերդի իմիջ կերտած Հին աշխարհամասում տեղի ունեցողը ընդհանուր հարցեր է ձևակերպում․ արդյո՞ք աշխարհը սկսում է գործ ունենալ Եվրոպայի նոր հեղափոխական դարաշրջանի հետ։ Կամ՝ արդյոք սոցիալական բունտի քողածածկույթի տակ ծավալվոււմ է եվրոպական քաղաքակրթական ու արժեքային տոտալ փլուզումը։
Մոսկվայի շանտաժի և Վաշինգտոնի «ծակ հովանոցի» եվրոպական գինը
Եվրոպական բողոքների մակերեսին գտնվող պատճառները սոցիալ-տնտեսական, նույնիսկ՝ կենցաղային են․ կրթության որակ, կյանքի թանկացում, աշխատավարձերից ու կենսաթոշակներից դժգոհություն, բնակարանային վարձավճարների չափեր, սոցիալական ծառայությունների խնդիրներ։ Սակայն սրանք ազդակներ են, որոնք խոսում են ավելի խորքային, ավելի բարդ խնդիրների մասին։
Ուկրաինական պատերազմը Եվրոպային ստիպել է վերանայել անվտանգության նախկին ավանդական դոկտրինները։ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու և Ուկրաինային աջակցելու հետ մեկտեղ եվրոպական պետությունները ստիպված են ավելի մեծ միջոցներ հատկացնել սեփական պաշտպանությանը։ Պատճառը Ռուսաստանն է, որն ամեն ինչ անում է, որպեսզի եվրոպական կառավարությունները հավատան իր կողմից ռազմական հարձակման հեռանկարին։ Դա միջոց է՝ մի կողմից կրճատելու Ուկրաինայի համար նախատեսվող ռեսուրսները, մյուս կողմից սրելու եվրոպական երկրների ներքին սոցիալական խնդիրները։ Ի վերջո անվտանգությանն ուղղվում են այն գումարները, որոնք պետք է ու կարող էին ներդրվել սոցիալական կարիքների բավարարմանը մեջ։
Լրացուցիչ անորոշություն ու լարում է ստեղծում Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Մինչ Եվրոպան շարունակում է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը, Վաշինգտոնը մեղմացնում է այդ երկրի նկատմամբ կիրառված որոշ պատժամիջոցներ, դիզելի գործարք կնքում՝ բացարձակ անիմաստ ու անօգուտ դարձնելով Ռուսաստանի նկատմամբ եվրոպական սանկցիաները։ Դրան զուգահեռ, փլուզվում է Եվրոպայի անվտանգության հենց ամերիկյան հովանոցը, քանի որ Թրամփը միաժամանակ եվրոպացիներից պահանջում է սեփական միջոցներով կառուցել սեփական անվտանգության համակարգը և ավելի մեծ բյուջետային միջոցներ կենտրոնացնել ռազմարդյունաբերության ընդլայնման և սպառազինության ձեռքբերման վրա։ Արդյունքում Եվրոպան ստիպված է ավելի շատ վճարել և՛ անվտանգության, և՛ էներգիայի համար՝ աստիճանաբար կորցնելով իր գլխավոր դաշնակցի նկատմամբ վստահությունը։
Իրավիճակն ավելի է բարդացրել Իրանի շուրջ պատերազմը։ Հորմուզի նեղուցի փաստացի փակումը նոր հարված էր էներգետիկ շուկաներին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանի վերջին լիագումար նիստում հայտարարեց, թե ԵՄ ներմուծվող հանածո վառելիքի համար Եվրոպան արդեն լրացուցիչ վճարել է 100 միլիարդ եվրո ՝ առանց ավելի շատ էներգիա ստանալու։ Գազի գներն աճել են 140 տոկոսով, իսկ դիզելինը՝ կրկնապատկվել է։
Արտաքին այս ճգնաժամերի գինը, բնականաբար, վճարում են եվրոպական ձեռնարկություններն ու ընտանիքները։ Թանկ էներգիան բարձրացնում է արտադրության ինքնարժեքը, ինչի պայմաններում Եվրոպան չի կարողանում մրցակցել չինական ապրանքների հետ։ Հատկապես մեծ ճնշման տակ են ավտոմոբիլաշինությունը, մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը։ «Եվրոստատ»-ի տվյալներով՝ օգոստոսին Եվրամիության արդյունաբերական արտադրությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 0,2 տոկոսով։
Մրցակցությունը հասել է նույնիսկ կենսական նշանակության արտադրություններին։ Օրինակ՝ ինչպես գրում է «Ռոյթերզը», Ավստրիայում գործող՝ Եվրոպայի վերջին խոշոր, ամբողջական ցիկլով պենիցիլինի գործարանը դժվարանում է դիմակայել չինական էժան արտադրանքին։ Եթե նման ձեռնարկությունները փակվեն, Եվրոպան կկորցնի ոչ միայն մեծաթիվ աշխատատեղեր, այլև ռազմավարական ինքնուրույնությունը։
Տնտեսական դժվարություններն անմիջապես անդրադառնում են մարդկանց առօրյայի վրա։ Բնակարանների բարձր գները, կոմունալ վճարներն ու սոցիալական ծառայությունների ծախսերը ճնշում են ընտանեկան բյուջեները։ Եվ այդ պայմաններում, երբ մարդիկ տեսնում են, թե ինչպես են կառավարություններն ավելի շատ գումարներ ուղղում պաշտպանությանը, խորանում է կառավարությունների ու կառավարող քաղաքական էլիտաների նկատմամբ անվստահությունը՝ հանգեցնելով տոտալ ճգնաժամերի։
Հարցեր է առաջացնում նաև ԵՄ միգրացիոն քաղաքականությունը։ Ծերացող Եվրոպային, իհարկե, անհրաժեշտ են աշխատող ձեռքեր, և ներգաղթը նպաստում է աշխատուժի պակասը մեղմելուն։ Սակայն միգրացիոն մեծ հոսքերը որոշ երկրներում լրացուցիչ ծանրաբեռնում են բնակարանային շուկան, դպրոցներն ու առողջապահական համակարգը։ Նորեկների ընդունման, կացարանների, սոցիալական աջակցության և ինտեգրման ծախսերը պետական միջոցներից են։ Տեղի բնակչության մի հատվածի դժգոհությունը խորանում է հատկապես այն դեպքում, երբ սեփական սոցիալական խնդիրները չլուծված են մնում, իսկ ներգաղթյալների աջակցությունը դիտվում է որպես առաջնահերթություն։ Դրան գումարվում են մշակութային տարբերություններից, ինտեգրման դժվարություններից և որոշ համայնքներում հասարակական համակեցության կանոնների շուրջ առաջացող հակասությունները։
Կրակից շագանակներ հանողները
Երբ իշխանությունները չեն կարողանում զսպել թանկացումները կամ պահպանել սոցիալական երաշխիքները, ժողովրդավարական երկրներում ընտրողները սկսում են այլընտրանք փնտրել։ Եվ համաեվրոպական դժգոհությունից հատկապես օգտվում են ազգայնական, արմատական աջ, պոպուլիստական ուժերը՝ խոստանալով խստացնել միգրացիոն քաղաքականությունը, պաշտպանել տեղական արտադրողներին և ազգային շահերը վեր դասել միջազգային պարտավորություններից։
Այս միտումն արդեն տեսանելի է։ Միջազգային հետազոտական Sciences Po կենտրոնի կատարած հետազոտության արդյունքում հրապարակած տվյալներով՝ Եվրոպայում ծայրահեղ աջ կուսակցություններին տրվող ձայների բաժինը 2006 թվականի 7%-ից հասել է 23%-ի։ Իսկ 2026թ․ հոկտեմբերին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ պոպուլիստական և ծայրահեղական ուժերը միասին ստանում են եվրոպացի ընտրողների ձայների 32,6 տոկոսը։
Ֆրանսիայում Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հավակնում է 2027 թվականի նախագահական ընտրություններում հանրային դժգոհությունը վերածել իշխանության հասնելու քարտ բլանշի։ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն արդեն հաղթել է արևելյան երկու երկրամասերի սեպտեմբերյան ընտրություններում․ Սաքսոնիա-Անհալթում ստացել է 43,8, իսկ Մեկլենբուրգ–Առաջավոր Պոմերանիայում՝ 38,2 տոկոս ձայն։
Այս ուժերն արդեն ազդում են եվրոպական քաղաքականության վրա՝ նույնիսկ իշխանության չգալով։ Եթե ազգայնականները միաժամանակ ամրապնդվեն Եվրոպայի լոկոմոտիվային պետություններում, անխուսափելի են դառնալու Ուկրաինային աջակցության, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և մեր տեսանկյունից ավելի կարևոր՝ Եվրամիության միասնական քաղաքականության շուրջ ներմիութենական տարաձայնությունները։
Հայաստանի համար այս զարգացումները կարևոր են եվրաինտեգրման հեռանկարների տեսանկյունից։ Ազգայնական և եվրասկեպտիկ ուժերի ամրապնդումը կարող է բարդացնել Եվրամիության ընդլայնման ու նոր գործընկերների հետ մերձեցման քաղաքականությունը։ Միաժամանակ եվրոպական երկրների միջև տարաձայնությունների խորացումը ձեռնտու է Ռուսաստանին, որը ձգտում է թուլացնել ԵՄ միասնականությունը և արգելակել ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Այսինքն՝ Հայաստանի համար վտանգը երկակի է․ եվրոպական ինտեգրման հնարավորությունների նեղացում և Ռուսաստանի քաղաքական ճնշման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորում։
Գոռ Աբրահամյան
