Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ երկրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն, հայտնել են Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից։
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրը հենացատկի եզրափակչում երկու ցատկերի արդյունքում հավաքել է 14,850 միավոր։
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է չորս մեդալով՝ երկու ոսկե և երկու բրոնզե։
Ավելի վաղ նժույգթափերի վարժությունում Համլետ Մանուկյանը դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։ Արթուր Ավետիսյանն էլ բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։
Դավթյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 2022 թվականի նոյեմբերին՝ Լիվերպուլում կայացած առաջնության հենացատկի վարժությունում։ 2025 թվականի մայիսին նա նվաճել էր Եվրոպայի առաջնության երրորդ ոսկե մեդալը, իսկ 2026 թվականի ապրիլին՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալը։
Դավթյանը նաև Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր է։ Նա բրոնզե մեդալ էր նվաճել Տոկիոյում, իսկ 2024 թվականին Փարիզում դարձել էր արծաթե մեդալակիր։
