Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնման մրցութային գործընթացը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուին։

Նախարարի խոսքով՝ Թուրքիայի ավտոճանապարհների գլխավոր վարչությունը սեպտեմբերի 16-ին անցկացրել է կամրջի վերականգնման մրցույթը, իսկ սեպտեմբերի 28-ին ստորագրվել է համապատասխան պայմանագիրը։

Ուրալօղլուն հայտնել է, որ վերականգնման աշխատանքներն իրականացվելու են հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի համակարգմամբ՝ երկու երկրի միջև մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության համաձայն։

Նախարարը ծրագրի նպատակ է անվանել Մետաքսի ճանապարհի պատմամշակութային ժառանգության կարևոր հուշարձաններից մեկի պահպանումը հաջորդ սերունդների համար։

Անիի հնագիտական համալիրը, որն ընդգրկում է մշակութային ժառանգության 21 հուշարձան, 2016 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Կամուրջը կառուցվել է 10-րդ դարում՝ Մետաքսի ճանապարհի վրա, և դարեր շարունակ ծառայել է որպես Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային կարևոր անցումներից մեկը։ Մինչ օրս պահպանվել են միայն կամրջի հենասյուների մնացորդները։

Կառույցի սկզբնական երկարությունը 80 մետր էր, լայնությունը՝ 8 մետր։ Կամուրջը գտնվում է Ախուրյան գետի հունի ամենանեղ հատվածում, որտեղ գետի լայնությունը նվազում է մինչև 36 մետր։ Կամրջի 31 մետր բացվածքով կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին։

Հայաստանն ու Թուրքիան մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել էին Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունը։

Կողմերն օգոստոսի 4-ին Երևանում անցկացրել էին կամրջի վերականգնման հարցերով համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը։

Կամուրջը համատեղ վերականգնելու պայմանավորվածությունն առաջին անգամ ձեռք էր բերվել 2023 թվականի փետրվարին՝ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։

Leave a Comment