Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ ավարտվել է Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցույթի գործընթացը։
Ուրալօղլուն գրավոր հայտարարություն է տարածել Կարսի նահանգում՝ Անիի հնավայրի տարածքում գտնվող կամրջի վերականգնման աշխատանքների վերաբերյալ։
Ուրալօղլուն հայտնել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ վերականգնման աշխատանքները կիրականացվեն համատեղ հանձնաժողովի համակարգմամբ։
Նրա խոսքով՝ կամրջի վերակառուցման աշխատանքների շրջանակն ու մեթոդները սահմանող արձանագրությունը ստորագրվել է մայիսի 4-ին՝ Երևանում։
«Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում ստորագրված արձանագրության համաձայն՝ վերականգնման գործընթացը կիրականացվի համատեղ հանձնաժողովի կողմից, որի կազմում կընդգրկվեն նաև մեր նախարարությունն ու Ճանապարհների գլխավոր վարչությունը (KGM)»,- նշել է Ուրալօղլուն։
Նա հայտնել է, որ Ճանապարհների գլխավոր վարչությունը պատմական կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթն անցկացրել է սեպտեմբերի 16-ին։
«Սեպտեմբերի 28-ին ստորագրել ենք պայմանագիրը՝ այդպիսով ավարտելով Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցույթի գործընթացը։ Պատմական կամրջի վերակառուցմամբ նպատակ ունենք պահպանել Մետաքսի ճանապարհի կարևոր մշակութային ժառանգության նմուշներից մեկը և փոխանցել այն ապագա սերունդներին»,- ասել է Ուրալօղլուն։
