
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում հրաձգության հետևանքով 12 մարդ է տուժել, որոնցից 11-ը՝ հրազենային վնասվածքներով։ Տուժածների թվում վեց անչափահաս կա, գրում է CNN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ի երեկոյան՝ Ֆլորիդայի գյուղատնտեսական և մեխանիկական համալսարանի (Florida A&M University) մարզադաշտի հարևանությամբ՝ Փերի և Մանատի փողոցների խաչմերուկի մոտ։
Հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ ծանր վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ինը տուժածների վիճակը գնահատվել է կայուն՝ ոստիկանության նախնական հաղորդագրության համաձայն։
Նախնական քննության տվյալներով՝ կրակոցներին նախորդել է բախում։ Իրավապահները դեռ պարզում են միջադեպի հանգամանքները և փորձում բացահայտել դրա մասնակիցներին։
Թալահասիի ոստիկանապետ Լոուրենս Ռևելը ցավակցություն է հայտնել տուժածներին և նրանց ընտանիքներին՝ ընդգծելով, որ հատկապես ցավալի է անչափահասների շրջանում վիրավորների առկայությունը։
Միջադեպի առնչությամբ ձերբակալությունների մասին սկզբնական հաղորդագրություններում տեղեկություններ չեն եղել։ Քննությունը շարունակում է ոստիկանության բռնի հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը։