Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը – armeniatoday.am

Հայաստանի վաստակավոր նկարիչ, ծաղրանկարիչ և «Ոզնի» երգիծական ամսագրի նախկին գլխավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը հոկտեմբերի 22-ին մահացել է 87 տարեկանում։ Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Իրինա Աբրոյանը։

Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

Աբրոյանը նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, մուլտիպլիկատոր և դերասան էր, ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միությունների անդամ։ Նա շուրջ 40 տարի աշխատել է «Ոզնի» երգիծական ամսագրում, այդ թվում՝ որպես գլխավոր նկարիչ։

Նրա աշխատանքները 1960 թվականից տպագրվել են հայկական և արտասահմանյան պարբերականներում, այդ թվում՝ «Կրոկոդիլ», «Օգոնյոկ», «Սմենա» և Moscow News հրատարակություններում։ Աբրոյանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսների և մրցույթների։

Աբրոյանի կենսագրությունն ու յոթ ծաղրանկարները ներառվել են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Հումորի միջազգային հանրագիտարանում»։ Նրա աշխատանքները ներկայացվել են նաև Բուլղարիայի Գաբրովո քաղաքում հրատարակված «Համաշխարհային ծաղրանկարի անթոլոգիայում»։

Նկարիչն աշխատել է նաև մուլտիպլիկացիայի ոլորտում։ Նրա աշխատանքներից են «Ջութակը ջունգլիներում», «Մի կաթիլ մեղրը» և «Զոլավոր վագրը» մուլտֆիլմերը։

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2009 թվականի մարտի 31-ի հրամանագրով Աբրոյանին շնորհվել էր Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում՝ երգիծանքի ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար։

Leave a Comment