Գյումրիի «Գյումրի» մշակման լաբորատորիայի թիմը ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայի (WRO) 2026 թվականի Եվրոպայի բաց առաջնությունում առաջին տեղն է գրավել, հայտնել է մրցույթի պաշտոնական կայքը։
Հայաստանցի դպրոցականները հաղթել են Future Innovators («Ապագայի նորարարներ») անվանակարգի ավագ տարիքային խմբում՝ ներկայացնելով ռոբոտ, որը սկանավորում է տպագիր գրքերը և դրանց բովանդակությունը վերածում աուդիոյի, տեսանյութերի ու սահիկաշարերի։
Նախագիծը նախատեսված է տեսողության խնդիրներ և ընթերցանության դժվարություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև մեծածավալ գրականություն ուսումնասիրողների համար։
Թիմի կազմում ընդգրկված են 15-16-ամյա Սիլվի Խաչատրյանը, Էլեն Խաչատրյանը և Դավիթ Պետրոսյանը։ Նրանց մարզիչը Աշոտ Զիլֆիմյանն է։
Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 13-16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ ավելի քան 200 թիմերի մասնակցությամբ։
Հայաստանը ներկայացրել է վեց թիմ, որոնք հաղթել էին օլիմպիադայի ազգային փուլում։ Նրանցից երկուսը մասնակցել են Future Innovators, իսկ չորսը՝ RoboMission անվանակարգի մրցումներին։
